Հաջողության համար նոր մոտեցումներ են պետք, նոր մտածողություն, նոր քայլեր. Գագիկ Ծառուկյան
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ– Ռիո դե Ժանեյրոյից անմիջապես հետո Դուք Թեհրանում մասնակցեցիք «Արարատ» մարզակումբի 48-րդ համահայկական խաղերին: Ի՞նչ կարևորություն եք տալիս այդ միջոցառմանը:
– Իհարկե, սա զուտ մարզական միջոցառում չի կարող համարվել: Այն ունի մեծ հայապահպան նշանակություն: Հնարավորություն է ստեղծվում հայ ժողովրդի տարբեր հատվածների, տարբեր համայնքների անմիջական շփումների, կապերի ստեղծման, միմյանց ճանաչելու համար: Մարզական միջոցառման շուրջ ստեղծվում է մեծ էմոցիոնալ միջավայր, ուժեղ էներգետիկա, որն իսկապես չափազանց կարևոր է հայապահպանության համար: Ես ուրախ եմ իմ այցի համար և, առիթից օգտվելով, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին և իշխանություններին, հայ համայնքին, Արարատ մարզական ակումբի ղեկավարությանը' նման հնարավորություն ստեղծելու համար:
– Դուք վերջին ժամանակաշրջանում հաճախ եք լինում հայկական խոշոր համայնքներ ունեցող երկրներում և հարաբերություններ եք կառուցում համայնքների հետ: Կարելի՞ է համարել, որ սա դարձել է Ձեր գործունեության նոր և կարևոր բաղադրիչներից մեկը:
– Այո: Ես կարծում եմ, որ կյանքում մեծ հաջողությունների հասած մարդը պետք է ձգտի հարցերին ավելի լայն նայել, ավելի խորքային խնդիրներ դնել իր առաջ: Ես ուզում եմ օգտակար լինել իմ ժողովրդին և պետությանը և ձգտում եմ գտնել էֆեկտիվ լուծումներ: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդն իսկապես խոշոր ծրագրեր իրականացնելու ունակ ազգ է: Մենք կարող ենք մեծ խնդիրներ լուծել, եթե լինենք միասնական: Մենք կարող ենք լինել տարբեր պետությունների քաղաքացիներ, ապրել աշխարհի տարբեր ծայրերում, բայց մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք' Հայաստանը: Ես ուզում եմ, որ այս գաղափարը համակի ողջ հայ ժողովրդին, և ես իմ կողմից կանեմ ամեն ինչ' դրան հասնելու համար; Բոլոր այցելությունների ժամանակ ես իմ ուժերի ներածին չափով օգնել եմ տեղի համայնքին' այս կամ այն հարցերը լուծելու համար:
Դիմում են տարբեր խնդիրներով, ու ես միշտ փորձում եմ լուծումներ գտնել: Ես ուզում եմ կոտրել այն կարծրատիպը, թե մենք Հայաստանում միայն սպասում ենք սփյուռքից օգնության: Ոչ, այդպես չէ, եթե այս կամ այն համայնքում կա հրատապ խնդիր, կա լուծում պահանջող հարց, որն ընդհանուր է, որն ունի հայապահպան նշանակություն, մենք պետք է մեր օգնության ձեռքը մեկնենք: Ես կարևորում եմ խոշոր համահայկական ծրագրերի իրականացումը: Այնպիսի ծրագրերի, որոնք կնպաստեն հայ մնալուն, տարբեր համայնքների միջև կապեր ստեղծելուն, ընդհանուր տեղեկատվական դաշտ ստեղծելուն:
Կարող են լինել կրթական, մշակութային, բիզնես, մարզական և այլ բնույթի նախագծեր: Եվ այդ ամենի առանցքում, իհարկե, պետք է լինի Հայաստանը' մեր բոլորի ընդհանուր հայրենիքը: Հաջողության համար նոր մոտեցումներ են պետք, նոր մտածողություն, նոր քայլեր: Ես կարծում եմ' այստեղ շատ գործ կա անելու:
– Նախքան Օլիմպիական խաղերը հնչում էին տարբեր տեսակետներ' մեր հավաքականի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ: Դուք համոզված էիք, որ այս տարի Հայաստանը ներկայացնելու էր իր ուժեղագույն հավաքականը: Արդարացվեցի՞ն, արդյոք, Ձեր սպասելիքները:
– Ոչ միայն իմ գնահատականն էր այդպիսին, այլև' մարզական տարբեր ոլորտների մասնագետների: Եվ կարծում եմ' այս գնահատականը ճիշտ դուրս եկավ: Մեր ակնկալիքներն արդարացվեցին: Մեր հավաքականն ապացուցեց, որ ուժեղ է, հուսալի, հաղթող: Տարբեր մարզաձևերում մեր թիմը համալրված էր բարձրակարգ, համաշխարհային մակարդակի մարզիկներով, որոնք պատիվ կբերեին ցանկացած հզոր պետության: Օլիմպիական խաղերից առաջ կատարված է եղել ահռելի նախապատրաստական աշխատանք:
Իսկ ժողովուրդը տեսնում է միայն հաղթանակներն ու պարտությունները: Մեր օլիմպիական հավաքականի նախապատրաստումը չի զիջել աշխարհի ամենազարգացած ու հզոր տնտեսությամբ պետությունների թիմերին: Եվ վերջապես' վերջին տարիներին մենք խնդիր էինք դրել' ստանալ հոգեբանորեն ամուր, հաղթող մթնոլորտ, ինչը, կարծում եմ, մեզ հաջողվեց: Այնպես որ' իմ կարծիքը չի փոխվել. մենք ունեցել ենք շատ ուժեղ օլիմպիական թիմ:
– Կարո՞ղ էր այս նույն հավաքականն ավելի լավ արդյունքներ ցույց տալ: Հավաքականի ներուժը և բերած մեդալների քանակը համարժե՞ք են արդյոք:
– Իհարկե, միշտ պետք է ակնկալել և ձգտել ավելիին: Այնուամենայնիվ, արդյունքներից ես իրոք գոհ եմ: 206 պետությունների շարքում Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց 42-րդ տեղը: Ես իմ առաջ խնդիր էի դրել' ոսկի բերել, և մենք ոսկի ունեցանք: Մենք ունեցանք 3 արծաթ: Իսկ թե ինչ է նշանակում Օլիմպիական խաղերում արծաթե մեդալը, կարծում եմ, կարիք չկա բացատրելու: Դժգոհել նման արդյունքից' անարդար կլիներ: Այո, ես գոհ եմ: Կարո՞ղ էր լինել ավելի լավ. իհարկե՝ կարող էր: Մենք կարող էինք ունենալ 3 ոսկի: Ունեցանք ցավալի կորուստներ և ցավալի վնասվածքներ: Միհրանի հետ կատարվածը բոլորը տեսան: Որոշ մարզիկների պարագայում եղան անհասկանալի պահեր: Այս ամենը մենք առաջիկայում մասնագետների, մարզիչների հետ կվերլուծենք, կփորձենք հասկանալ' որտեղ էր սխալը:
– Գալով Հայաստանի համար այս տարվա օլիմպիական ամենացավոտ պահին. Միհրան Հարությունյանի' ոսկե մեդալից զրկվելու պատմությունն ի վերջո Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում, կկարողանա՞նք հետագայում խուսափել նման տհաճ միջադեպերից:
– Բոլորիս համար Միհրանը չեմպիոն է, և նա պարգևատրվել է հենց այդպես: Եվ նա հենց օդանավակայանում ստացավ իր ոսկե մեդալը հայ ժողովրդի անունից: Մենք բոլորս ականատես եղանք անարդարության: Այո, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ սպորտում, կա անարդարություն:
Ուղղակի սպորտը մասսայական ոլորտ է, տասնյակ միլիոնավոր մարդիկ ուղիղ եթերում նայում են, իրենց աչքով տեսնում, այդ պատճառով էլ ավելի մեծ արձագանք է ստանում: Օլիմպիական կոմիտեի նախագահ դառնալուց անմիջապես հետո ես այդ խնդիրն իմ առաջ դրել եմ: Ամեն կերպ պայքարել' հայ մարզիկների շահերը պաշտպանելու համար: Ես հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց արվել է շատ մեծ գործ: Տասը տարի առաջ Հայաստանն աշխարհի օլիմպիական ընտանիքում լրիվ այլ կարգավիճակ ուներ, հիմա' լրիվ այլ: Երկար ու համառ աշխատանքի, իմ անձնական կապերի շնորհիվ հնարավոր եղավ շատ հարցեր լուծել, մեր հարգանքը և հեղինակությունը բարձրացնել: Բողոքարկելու մեխանիզմներ, ոսկին հետ բերելու մեխանիզմներ գործնականում գոյություն չունեն: Սա նույնպես պետք է ընդունել որպես դառը իրականություն:
Բայց մի բան ուզում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ հասկանա: Այս խնդիրը միայն Միհրանին չի վերաբերում: Սա անարդարության խնդիրն է, որը սպորտի համար չարիք է: Մենք բոլորս հիշում ենք Միհրանի դեպքը, որովհետև նա մեր հայրենակիցն է, նրա համար բոլորի սիրտը ցավում է: Բայց դա ուղղված չէր հենց հայ մարզիկի կամ Հայաստանի դեմ:
Այլ մարզաձևերում, այլ երկրների ներկայացուցիչների հանդեպ նույնպես Ռիոյի օլիմպիական խաղերում եղել են անարդարություններ, որոնք շատ ցավոտ են տարել իրենց ժողովուրդները: Ի դեպ, անարդարությունները չեն վերաբերում միայն ըմբշամարտին: Բազմաթիվ ուրիշ մարզաձևերում նույնպես առկա է թե՛ սուբյեկտիվություն, թե՛ անարդարություն: Սա իսկապես պրոբլեմ է ողջ աշխարհի համար:
– Մեկ այլ ցավոտ խնդրի մասին. հայազգի տասնյակ հաջողակ մարզիկների էինք հետևում, որոնք հանդես էին գալիս այլ երկրների դրոշի ներքո: Ի՞նչն է նրանց հեռացրել Հայաստանից:
– Ոչ թե ինչը, այլ ովքեր: Իրենց սեփական ծնողներն են հեռացրել. չէ՞ որ արտագաղթելիս երեխաները պոկվում են Հայաստանից' իրենց հետ տանելով իրենց կարողությունները, ձգտումները, և հենց իրենց բնակության նոր վայրում են սկսում դրսևորվել նրանց ունակությունները: Երեխաներն այնտեղ են սպորտով զբաղվում ու այդ երկրների համար են չեմպիոն դառնում: Սա մարզական պրոբլեմ չէ, սա երկրի ընդհանուր տնտեսական վիճակի պրոբլեմն է: Նույն արտագաղթի պատճառով մենք ուրիշ երկրների համար ենք տալիս լավ բժիշկներ, գիտնականներ, իրավաբաններ և այլն: Սա պրոբլեմ է' շատ լուրջ, շատ մտահոգիչ, բայց էլի եմ ասում' սա սպորտի բնագավառի պրոբլեմ չէ:
Ինչպե՞ս լուծել խնդիրը. շատ պարզ' զարգացնել տնտեսությունը, որ մարդիկ չմտածեն ուրիշ երկրներ տեղափոխվելու մասին, որ մարդիկ աստիճանաբար վերադառնան հայրենիք, երկրում ստեղծվի արդարության մթնոլորտ, զարգացում լինի: Օլիմպիական կոմիտեի նախագահ աշխատելու տարիներին իմ կարևոր ձեռքբերումներից մեկը ես համարում եմ մարզիկների և մարզիչների պարգևատրման արդար համակարգի ստեղծումը: Որ դա չլինի սուբյեկտիվ, ծանոթ բարեկամով: Այլ' արդար ու շատ պարզ:
Այս տարիների ընթացքում ես մեր լավագույն մարզիկներին պարգևատրել եմ թե՛ բնակարաններով, թե՛ ավտոմեքենաներով, լուծել ենք բազմաթիվ այլ խնդիրներ: Իհարկե, անթույլատրելի է, որ մեր մեդալակիր մարզիկն ապրի վատ բնակարանային պայմաններում, բայց ես ուզում եմ ձեզ հարցնել. իսկ Հայաստանում քանի՞ լավ գիտնական, քանի՞ լավ բժիշկ, լավ երաժիշտ, լավ մանկավարժ է ապրում վատ բնակարանային և սոցիալական պայմաններում: Երևի թե' շատ: Այնպես որ, հարցերը պետք է նայել ամբողջության մեջ:
-Ինչպե՞ս է պետք պատրաստվել հաջորդ Օլիմպիական խաղերին: Կարո՞ղ ենք, արդյոք, ավելի ուժեղ թիմ ունենալ:
– Բնականաբար' նպատակը հենց դա պետք է լինի: Մեդալները միայն ցանկությամբ չեն լինում: Սպորտն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսական վիճակի, բնակչության թվի, մարդկանց կենսամակարդակի, սպորտում կատարվող ներդրումների, համապատասխան կառույցների առկայության, այլ կարևոր գործոնների հետ: Պետք է մեծ ներդրումներ արվեն, կառուցվեն նոր մարզադպրոցներ, հրավիրվեն լավ մարզիչներ, մեր մարզիչներին հնարավորություն տրվի' արտասահմանում վերապատրաստվել:
Շատ կարևոր է մարզերում, փոքր քաղաքներում և գյուղերում մարզվելու և մարզիկ դառնալու հնարավորությունների ստեղծումը: Սա չափազանց կարևոր խնդիր է, և ես այդ ուղղությամբ շատ եմ մտածում: Վստահ եմ' մենք կգտնենք ճիշտ լուծումները: Շատ կարևոր է, որ տնտեսությունը զարգանա: Առանց դրա լուրջ հաջողություններ ուղղակի չեն լինի: Այսօր պետությունն ինչ հնարավոր է՝ անում է: Ես իմ անձնական միջոցներից անում եմ' ինչ հնարավոր է: Բայց հեռանկարում մեծ արդյունքների համար անհրաժեշտ է պետության ընդհանուր զարգացում և հզորացում:
«Առավոտ» օրաթերթ