ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը մտնում է խաղի մեջ…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի խնդիրը վաղուց դուրս է եկել զուտ հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ծիրից և վերածվել բարդ գլոբալ աշխարհաքաղաքական մեծ խաղի մի մասնիկի,ինչի հետևանքով այստեղ իրենց շահերն են սկսել փնտրել ոչ միայն համաշխարհային գերտությունները, այլև՝ տարածաշրջանային՝փորձելով միջամտել այս հարցին՝այն իրենց համար կանխատեսելի դարձնելու հույսով:

Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի շուրջ օրերս արտահայտվել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին՝ ասելոով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանի գլխավոր հարցերից է, որը գրավում է Իրանի ուշադրությունը: Նա նաև հավելել է, որ ԻԻՀ-ը ռուսների հետ կիսում է այն կարծիքը, որ պետք է թույլ չտալ, որպեսզի պատերազﬕ կրակը տարածվի տարածաշրջանում: Այդ պատճառով երկու երկրները՝ Իրանը և Ռուսաստանը, պետք է գործի դնեն իրենց ջանքերը, օգտագործեն իրենց հնարավորությունները, որպեսզի համոզեն Ադրբեջանին և Հայաստանին այդ խնդիրը կարգավորել քաղաքական ճանապարհով:

Այն, որ Իրանի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցների չեղարկմամբ այս երկիրը հետզհետե սկսել է վերադառնալ համաշխարհային ակտիվ քաղաքական ասպարեզ, կարծում ենք տեսանելի է անգամ անզեն աչքով:

Օգտվելով իրեն ընձեռնած փայլուն հնարավորությունից՝ ԻԻՀ-ը փորձում է զարկ տալ ոչ միայն տնտեսությանը, այլև արտաքին քաղաքականության մեջ իրեն ակտիվորեն դրսևորել՝ հաստատ վստահ լինելով, որ հիմա է այն ճիշտ պահը, երբ ինքն աշխարհին պետք է ցույց տա իր ուժը. Արցախյան հակամարտությունը հենց այն պատշաճ առիթն է, որը օգտագործելով՝ Իրանը կարող է սահուն կերպով ապահովել իր մուտքը ակտիվ աշխարհաքաղաքականություն:

Որ Իրանի կայունացնող դերակատարությունը, պայմանավորված ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ սրմամաբ, միայն մեծացել է, անհերքելի իրողություն է. եթե նախկինում Անդրկովկասում կայունության երաշխիքը ռուս-թուրքական հարաբերություններն էին, հիմա այդ հարաբերությունները գրեթե չկան: Ու չնայած Իրանին դժվար է համարել մի երկիր, որը չունի որևիցե խնդիր տարածաշրջանի երկրների հետ, բայց ստեղծված իրավիճակում այս երկիրը, թերևս, միակն է, որը կարելի է պայմանականորեն համարել չեզոք. Իրանի համար թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ ունեցած երկկողմ հարաբերությունները խիստ կարևոր են, քանի որ եթե ասենք մեր երկիրը Իրանի կողմից դիտարկվում է որպես կարևոր գործընկեր տարածաշրջանային իր քաղաքականությունն առաջ տանելու համար ու հրաշալի միջոց թուրքերին՝ իր գլխավոր տարածաշրջանային մրցակիցներին, այսպես ասած, տեղը դնելու, իսկ Հայստանի համար էլ Իրանը հեռանկարային առևտրային գործընկեր է՝ երկրի տնտեսության համար յուրատեսակ փրկողակի դերակատարմամբ, ապա Ադրբեջանն էլ Իրանի կողմից դիտարկվում է որպես «Հյուսիս-Հարավ» կարևոր առևտրային միջանցք, որ միմյանց է կապում Բալթիկ ծովն ու Հնդկական օվկիանոսը:

Բացի այս ամենը՝ Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները Իրանի համար հավելյալ ու կարևոր երաշխիք են առ այն, որ հյուսիսային հարևանն անականկաներ չի մատուցի ու հանդես չի գա Իրանի ներսում եղող սեպարատիստական ուժերի խրախուսմամբ.վերջին հանգամանքը բավական լուրջ լծակ է Ադրբեջանի ձեռքին՝ընդդեմ Իրանի:

Այնպես որ՝ հաշվի առնելով այն,որ տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը ոչ մի կերպ չի կարող բխել Իրանի կենսական շահերից, պետք է ասենք, որ Իրանի հայցը՝ ներգրավվելու տարածաշրջանային մեծ խաղի մեջ, միանգամայն սպասելի էր, քանի որ բերելով իր մասնակցությունը այս ամենին՝ ԻԻՀ, իհարկե, ելնելով բացառապես սեփական շահերից, կանի ամեն բան եթե ոչ վերջնականապես հարցը լուծելու ապա գոնե այն անժամկետ սառեցնելու համար. սա, ի դեպ, գոնե այս փուլում ոչ մի կերպ չի կարող հակասել նաև հայկական շահերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular