ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՞թե գործազուրկ է դառնալու…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես գիտեք, մարտի 8-ն էր՝ Կանանց միջազգային օրը: Այս կապակցությամբ ցանկանում եմ ձեզ մի հարց ուղղել. ինչպե՞ս եք վերաբերվում մեր երկրի քաղաքական դաշտում իրենց ակտիվորեն դրսևորող կանանց, ի՞նչ եք կարծում, նրանք իրենց արդարացնո՞ւմ են: Ես, օրինակ, վստահ եմ, որ այս հարցում գենդերային մոտեցում ցուցաբերելը սխալ է. մարդը մարդ է՝ անկախ նրա սեռից, ու եթե իր գործը կարողանում է լավ անել, ոչ ոք իրավունք չունի նրան ասելու՝ «աչքիդ վերևն ունք կա»:

Հիմա երկրորդ հարցն եմ ուզում ձեզ տալ. ինչպե՞ս եք գնահատում Հրանուշ Հակոբյանի գործունեությունը` որպես ՀՀ Սփյուռքի նախարար: Ասել, թե այս տիկինը կատարելապես ձախողել է իր պաշտոնավարումն ու զբաղված է բացառապես սեփական աշխատասենյակում սուրճ ըմպելով, իհարկե, սխալ կլիներ: Բայց պնդել, թե նա իր օգտակար գործողության գործակցով անզուգական մեկն է մեր կառավարությունում, ևս սխալ է: Հավանաբար, նկատած կլինեք, որ երբեմն Հակոբյանն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում մարդկային տրամաբանության ծիրից ներս:

Խոսքը, մասնավորապես, սիրիահայերի խնդրի մասին է, որոնց հիմնախնդիրներով, ինչպես գիտեք, զբաղվում է Սփյուռքի նախարարությունը: Այսպես՝ իր տված վերջին հարցազրույցներից մեկում նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով սիրիահայերի թեմային, ասել էր, որ ամենևին էլ համաձայն չէ այն տեսակետին, թե վերջիններիս՝ Հայաստանից հեռանալու բուն պատճառը սոցիալական խնդիրներն են:

Պարզվում է՝ որպես սիրիահայերի՝ հայրենիքը լքելու հիմնական պատճառ Հակոբյանը համարում է վերջիններիս բուռն ցանկությունը՝ գտնելու սեփական ընտանիքի անդամներին: Իհարկե, պնդել, թե վերջին գործոնը դեր չի խաղում նրանց՝ Հայաստանից հեռանալու մեջ, սխալ կլիներ, բայց համարել այն՝ հիմնական դրդապատճառ, անշուշտ, չի կարելի. ինչպես անցկացրած ուսումնասիրություններն են փաստում, Հայաստանից հեռանալ սիրիահայերին ստիպում է հիմնականում երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական վիճակը:

Այսինքն՝ կրկնակի արտագաղթի հիմքում ընկած է նույն դրդապատճառը, ինչ տեղաբնիկների դեպքում է. մարդիկ չեն կարողանում ազատորեն ինքնադրսևորվել այստեղ, չեն կարողանում չեղած աշխատաշուկայում իրենց համապատասխան աշխատանք գտնել: Տեսնես՝ Հրանուշ Հակոբյանին ծանո՞թ են մեր երկրի բարդագույն իրավիճակն ու ծանր սոցիալ-տնտեսական պայմանների առկայությունը, թե՞ նա, ինչպես և իր մի շարք կոլեգաներ, նախընտրում է «աչք փակել» իրողությունների վրա ու ձևացնել, թե ամեն բան հրաշալի է, իսկ սփյուռքահայերն էլ բացառապես զբոսաշրջության նպատակներով են թողնում Հայաստանն ու «աշխարհ չափչփում»…

Փաստ է՝ չես կարող համակարգի անքակտելի մաս հանդիսացող սուբյեկտից պահանջել նույն այդ համակարգից բխող տրամաբանությանը հակասող բաներ, չի կարող հսկայական բուրգի մեկ քարը պայքար տանել ողջ բուրգի դեմ. նրան, պարզապես, չեն ների դա, ու ստիպված կլինի համալրել գործազուրկների շարքը. համաձայնե՛ք՝ դաժան է հնչում…

Դավիթ Բաբանով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular