Փիթից ամուսնալուծության են հանգեցրել Ջոլիի հավակնությունները՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱնջելինա Ջոլիի ակտիվ մարդասիրական գործունեությունը՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, եղել է ամուսնուց՝ Բրեդ Փիթից նրա ամուսնալուծության պատճառներից մեկը: Այս մասին հայտնում է TMZ-ը:
Հաղորդվում է, որ դերասանը չափազանց ճնշված է եղել իր կնոջ քաղաքական հավակնություններից, որը չի թաքցրել ՄԱԿ-ում առաջինը լինելու ցանկությունը: Նա վարձել է երկու խորհրդական, ձեռք բերել հատուկ աշխատասենյակ, որտեղ անցկացվել են խորհրդակցություններ իմիջի և կոնկրետ որոշումների վերաբերյալ:
Փիթին առանձնապես մտահոգել է կնոջ ձգտումը՝ երեխաներին իր հետ վերցնել ուղևորությունների ժամանակ այնպիսի երկրներ, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, օրինակ՝ Իրաք: Անջելինան մեկնել է լավագույն թիկնապահների ուղեկցությամբ, սակայն TMZ-ի տեղեկությամբ՝ դերասանի համար դա բավարար չէր: Ընտանեկան վեճերը գագաթնակետին են հասել, երբ խոսք է գնացել Սիրիա մեկնելու ծրագրերի մասին:
Ջոլին ամուսնալուծության հայտ է ներկայացրել՝ հայտարարելով, որ մտահոգվում է իր երեխաների անվտանգության համար: Պաշտոնապես հաղորդվում է, որ դերասանուհին դժգոհ է, թե ամուսինն ինչպես է կատարում ծնողական պարտականությունները: Նա դատարանին խնդրում է իրեն հանձնել 6 երեխաների խնամակալության իրավունքը՝ Փիթին հնարավորություն տալով նրանց այցելել հանգստյան օրերին: