ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնասպան է եղել զորքի առաջ, ու զորքը լռե՞լ է. սուգ ու ցասում Հայթաղ գյուղում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր Արմավիրի Հայթաղ գյուղում հրաժեշտ էին տալիս Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանին: Նա մահացել է ուսումնական զորամասում հունվարի 30-ին: Առանց քննության ժամեր անց ինքնասպան է պիտակավորվել է քննչական մարմնի կողմից, և սուգն ու ցասումը միահյուսվել էին:

Գյուղում իրարանցում էր: Մարդիկ բարկացած հարձակվում էին, հարցախեղդ էին անում զինկոմիսարիատի ներկայացուցիչներին: Նրանք, ինչպես կարգն է, եկել էին տղայի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու, բայց կարկամած քարացել էին Հայթաղի զայրացած բնակիչների առաջ: Բառեր չէին գտնում նրանց ասելու, կամ էլ նրանց հրահանգված էր լռել:

Իսկ հարցերը շատ էին՝ ինչպես եղավ, որ մեր տղան ինքնասպան եղավ, ո՞ւմ հետ է խնդիր ունեցել, ո՞վ է հորինել ինքնասպանության մասին հեքիաթը, ինչպե՞ս կարող է մարդը մի ձեռքով ավտոմատը վերևից կրծքին պահած, ինքնասպան լինել, արձակելով երկու կրակոց:

Ըստ նախնական տեղեկության, որը շրջանառվում է, Վահրամ Ավագյանը երկու անգամ է կրակել իր վրա: Առաջին անգամ մենահատ կրակոց է արձակել, երկրորդ անգամ՝ ավտոմատ: Դա տեղի է ունեցել մարդաշատ վայրում: Զորամասի հրամանատար Նիկոլայ Մխիթարյանը Forrights.am-ին հայտնեց, որ Վահրամ Ավագյանն ինքն իրեն սպանել է ուսումնական զորամասում, մի կողմ հեռանալով:

Այդ ժամանակ տարածքում 30-35 զինծառայողներ կային: Սա, թերևս, այս ողբերգական պատմության ամենաանհասկանալի ու անհավանական կետն է, ու եթե իրոք, այդպես է եղել, եթե զինվորներից ոչ մեկը չի փորձել խանգարել նրան, նշանակում է՝ մենք չունենք բանակ:

«Ի՞նչ ինքնասպանություն, գլուխը կերել են: Գաղութ են սարքել, ներքին կարգով գործ են անում, մեկին պետք է բռնեն դատեն, որ վերջ տան էս ինքնասպանություններին», — բղավում էին բարկացած տղամարդիկ:

Վահրամ Ավագյանի մահվան լուրը տարածվեց հունվարի 30-ին: Քննչական կոմիտեն հայտնեց. «Հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմաններում ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը»:

Քրեական գործ է հարուցված Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝  «Ինքնասպանության հասցնելը»:

Հարազատներին այս վարկածը վիրավորում է: «Իմ տղայի դեպքից մի օր առաջ ասեցին, էս ինչ թվին ծնված երեխա՝ ինքնասպան, դրանից հետո՝ էլի մի երեխու մասին ասին՝ ինքնասպան, հիմա էլ իմ տղան, տենց բան լինո՞ւմ ա», — հարցնում  է մահացածի մայրը՝ Նվարդ Ավագյանը: Նա պատմում է, որ որդին մահից մի քանի րոպե առաջ խոսել է եղբոր հետ: «Ասում եմ, Վահան ջան, քո աղբերը սաղ սալամաթ քո հետ խոսաց, հինգ րոպեի մեջ տենց բան ա՞ պատահում»: 

Նա նաև նկատել է, որ որդու աչքի տակը կապտած է եղել, քիթը, կարծես, ջարդած լինի: Նվարդը չորս որդի ուներ: Բոլորը ծառայել են: Չորրորդը Վահրամն էր: Ծառայեց  ընդամենը 6 ամիս:

«Հեռուստաալիքներից մինչև սոցիալական ցանցեր՝ բոլորը խոսում են ինքնասպանության մասին, բայց որտեղի՞ց է այդ վարկածը: Ես ներկա եմ եղել դիահերձմանը, ես տեսել եմ, որ այդ դիրքով՝ վերևից ներքև, մարդը չի կարող ինքն իրեն սպանի», — վրդովվում է տղայի հայրը:

Բոլոր հարազատները միակարծիք էին, որ կատարվածը սպանություն է: Միաբերան պատմում էին, որ Վահրամ Ավագյանը թույլ տղա չէր, ինքն իրեն չէր սպանի, միաբերան արդարություն էին պահանջում, որի համար պատրաստ են պայքարել:  Ոմանք էլ հիշում էին եզդի զինվորին, որի համագյուղացիները օրեր առաջ ամբողջ գյուղով գնացին Նիկոլի մոտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular