Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը ազատ արձակվեցին․ Արթուր Դանիելյանը և «Ադեկվադ» միաբանության այլ անդամներ դեռ Ոստիկանության 6-րդ վարչությունում են․ ուղիղ
ՎԻԴԵՈ15։40
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, միաբանության մի քանի անդամներ։
15։16
«Նարեկ Մալյանի մոտ եմ Ոստիկանությունում։
Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենքի պահելու կասկածով։
Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։
Սպասում ենք հետագա ընթացակարգին»։
15։00
Ոստիկանության լրատվության բաժինը տեղեկություն է տարածել՝ նշելով․
«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:
14:17
Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն և նշել, որ առաջին իսկ կանչի դեպքում Մալյանը միշտ ներկայացել է իրավապահներին և սա ուղղակի էժան շոու է։
«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»,– գրել է նա:
14:13
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Նարեկ Մալյանին տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն»։ «Նալբանդյան փողոց։ Գնում եմ՝ փորձեմ տեղում պարզեմ պատճառները»,– գրել է նա։
13:50
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Միհրան Հակոբյանը: