ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա­լա­յին հա­մա­կար­գը ոչ հա­վա­սար պայ­ման­ներ է ստեղ­ծում և լրամ­շակ­ման կա­րիք ունի․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» թերթը գրում է․ 

2020թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել երթևեկության կանոնների բալային համակարգը, որը տարածվում է ճանապարհային երթևեկության կանոնների մոտ 20 տեսակ խախտումների վրա։ Այս համակարգով վարորդին տրվում է 9 բալ, որոնք մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվում է վարելու իրավունքից։ 

Ժամկետի կեսը լրանալուց հետո այդ անձը կստանա օրենքի ուժով իրավունք՝ հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Երկրորդ անգամ ինը միավորը սպառելու պարագայում անձը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է արդեն մեկ տարի ժամկետով: Ամբողջ պատժաժամկետը լրանալուց հետո իրավունքը վերականգնելու համար անձը ստիպված պիտի լինի վարորդական վկայական ստանալու համար հանձնել ամբողջական քննություն: 

Բալային համակարգի ներմուծումը հանրային բուռն քննարկումների առիթ է դարձել։ 

Եվ առաջին հայացքից այս համակարգի ներդրումը պետք է, որ դրական ազդեցություն ունենա երթևեկության որակի, արձանագրված խախտումների քանակության և վթարների նվազեցման հարցում, սակայն, ինչպես երևում է, այն խիստ թերի է։ 

Լուրջ խնդիր է այն, որ հանրապետության տարածքում կան օտարերկրյա՝ հիմնականում ռուսական պետհամարանիշով ավտոմեքենաներ, որոնք դուրս են մնում բալային համակարգից, քանի որ համակարգը չի տարածվում օտարերկրացիների՝ օտար պետությունների կողմից տրված պետհամարանիշներով երթևեկողների վրա։ Իսկ սա նշանակում է, որ օրենքը բոլորի համար չի գործում։ 

Ստացվում է, որ հայկական վարորդական իրավունք ունեցող մարդիկ, որոնք ռուսական համարներով մեքենաներ են վարում, օրենքից դուրս են մնում և, առանց բալերը կորցնելու շուրջ մտավախություն ունենալու, կարող են խախտումներ կատարել։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ տեղեկություններ կան, որ վերջին շրջանում մեծ թվով վարորդներ փորձում եմ ձեռք բերել արտերկրյա համարանիշներ։

 Մյուս խնդիրը, որը ներկայացնում են վարորդները, վերաբերում է ճանապարհների կահավորմանը։ Ըստ նրանց՝ չունենք ճանապարհների լիարժեք կահավորում, որպեսզի վարորդները ստիպված չլինեն խախտումներ կատարել՝ մասնավորապես մայրաքաղաքում խախտել կանգառի և կայանման կանոնները։ 

Նրանք ընդգծում են, որ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել կահավորում, հետո միայն պահանջել պահպանել կանոնները։ 

Վարորդները խնդիրներ են տեսնում նաև պատժաչափերի հետ կապված։ Օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, կկորցնի 4 միավոր, իսկ առանց համարանիշի, կեղծ կամ փոխարինված համարանիշով վարելու դեպքում վարորդները զրկվելու են վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով՝ կորցնելով իրենց 9 միավորը։ 

Այսինքն՝ վարորդը կարող է երկու անգամ ոչ սթափ վիճակում նստել ղեկին, սակայն եթե վարի առանց համարանիշի, կարող է միանգամից զրկվել վարելու իրավունքից։ Դրա համար էլ հարց է առաջանում վտանգավորության աստիճանի հետ կապված՝ ավելի վտանգավոր է ոչ սթափ վարե՞լը, թե՞ առանց համարանիշի կամ փոխարինված համարանիշով վարելը։ Բացի այդ, խնդիր է նաև բալերի վաճառքի հարցը։

 Հատկապես հանրության ուշադրությանն արժանացավ այն հանգամանքը, որ առանձին կայքերում հայտնվեցին հայտարարություններ, թե վաճառվում են բալեր։ 

Մեխանիզմը հետևյալն է՝ ումից գնում են բալը՝ նրանք ներկայացնում են, որ այդ պահին ղեկին իրենք են եղել, և նվազում է իրենց վարորդական իրավունքի բալերը, իսկ փոխարենը ստանում են գումար։ 

Իհարկե, սկզբից նշվեց, թե դա կատակ էր, սակայն մասնագետները նշում են, որ այդ կատակի մեջ կատակ է միայն մի փոքր մասը, իրականում նման հնարավորությունը բացառել չի կարելի: Այդպես տարբեր մարդիկ կարող են օգտագործել իրենց կամ իրենց հարազատների վարորդական իրավունքը, որը տվյալ պահին չի օգտագործվում։ 

Արդյունքում նրանք պատրաստ են զրկվել վարելու իրավունքից, այս մեխանիզմով իրենց 9 բալը վաճառել և մեծ գումարներ վաստակել՝ միևնույն ժամանակ երթևեկության քաոսն ապահովելով։ Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր մեծ ֆինանսական միջոցներ ունեն, կարող են խախտումներ կատարել և գնելով բալեր՝ չզրկվել վարելու իրավունքից։ 

Դրան զուգահեռ, այն վարորդները, ովքեր հնարավորություն չունեն, որպեսզի վճարեն՝ բալեր ձեռք բերելու համար, զրկվելու են վարելու իրավունքից։ Փաստորեն ակնառու է դառնում, որ օրենքը ոչ հավասար պայմաններ է ստեղծում և լուրջ լրամշակման ու կատարելագործման կարիք ունի։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular