Դա ես միանշանակ կապում եմ նրա նախկին գործունեության հետ. Հովիկ Աղազարյանը՝ Կուտոյանի մահվան մասին
ԻՐԱՎՈՒՆՔՆախ, սա շատ ցավալի դեպք է, քանի որ կյանքից զրկվել է մեր հայրենակիցը, եւ երկրորդ, ենթադրել, թե սա ինքնասպանություն է, թե ինքնասպանության դրդելու փորձ, թե սպանություն, նմանատիպ իրավիճակներում դա արդեն կարեւոր չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Կարեւորն այն է, թե ինչ դիրք է ունեցել հասարակության մեջ տվյալ անձնավորությունը, հետեւաբար ինչերի հետեւանքով այս բանը կարող էր տեղի ունենալ: Իմ անհատական կարծիքն այն է, որ դա ես միանշանակ կապում եմ նրա նախկին գործունեության հետ, բայց չգիտեմ, թե տարբերակներից որ մեկը կարող է լինել: կարող է մարդուն դրդեն ինքնասպանության, կարող է մարդը հասկանա, որ վաղը չէ մյուս օրը խնդիրներ կունենա եւ կդիմի այդ քայլին առանց դրդելու, հանգամանքների բերումով: Կարող է ուղղակի սպանած լինեն: Դա պետք է պարզի քննությունը»,-ասաց Աղազարյանը: