ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ քայ­լեր են ձեռ­նար­կում ՀՀ իշ­խա­նու­թյու­ննե­րը ԱՄՆ-Իրան կոնֆ­լիկ­տի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նից Հա­յաս­տա­նը զերծ պա­հե­լու ուղ­ղու­թյամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թ. հունվարի 3-ին Բաղդադի մոտ ամերիկյան ԱԹՍ-ի հարվածից սպանվեց Իրանի Իսլամական Հանրապետության թերևս ամենահեղինակավոր և ազդեցիկ գեներալներից Ղասեմ Սուլեյմանիին, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարն էր: 

Սուլեյմանիի սպանությունը պատճառ դարձավ ոչ միայն իրանա-ամերիկյան հարաբերությունների սրացման, այլև տարածաշրջանային լարվածության աճի։ Իրադարձությունների այսպիսի զարգացումը չէր կարող անհանգստության առիթ չտալ նաև Հայաստանում։ 

Սակայն մինչ վարչապետ Փաշինյանը զբաղված էր իր ֆեյսբուքյան էջում «բլինչիկների» նկարներ տարածելով, սոցցանցերի օգտատերերի և տարբեր վերլուծաբանների մեծ աղմուկ բարձրացավ, որ կառավարությունը պետք է անհապաղ արձագանքի ստեղծված իրավիճակին՝ հաշվի առնելով Հայաստանի համար հարևան Իրանի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարևորությունը։ Միայն դրանից հետո վարչապետը փորձեց ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին։ 

Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցության հրավիրեց տարածաշրջանի երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին, իսկ վարչապետ Փաշինյանը հունվարի 5-ին մի խումբ երիտասարդների հետ բարձրացավ Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը` ի նշան տարածաշրջանային խաղաղության, և կոչ արեց Իրանի և ԱՄՆ–ի գործընկերներին՝ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում։

 Այսպիսի պոպուլիստական քայլով Փաշինյանը փորձում էր փարատել հանրության մոտ առաջ եկած մտահոգությունները։ Հունվարի 8-ի գիշերը իրավիճակը տարածաշրջանում կտրուկ լարվեց, երբ Իրանը հրթիռակոծեց Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը՝ հայտարարելով, թե դրանով համարժեք պատասխան են տվել իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությանը։ 

Ճիշտ է՝ ամերիկյան կողմից զոհեր չեղան, և դրանից հետո ԱՄՆ-ը ռազմական ուժ չկիրառեց, սակայն իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ։ Եվ բացառված չէ, որ առաջիկայում ևս տարածաշրջանի այլ երկրների տարածքում ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բախումներ լինեն։ 

Իրավիճակն էլ ավելի է բարդանում՝ կապված Իրանի ներսում սկսված օրեր շարունակ տևող բողոքի ցույցերի փաստով։ Այս ամենը նշանակում է, որ Հայաստանը պետք է միշտ պահպանի իր զգոնությունը, որովհետև ցանկացած պահի կարող են անկանխատեսելի զարգացումներ տեղի ունենալ։ 

Սակայն Արտանիշի գագաթը բարձրանալուց հետ վարչապետը կարծես թե խուսափում է թեմային անդրադառնալուց՝ հիմնականում կենտրոնանալով այնպիսի փոքր նշանակություն ունեցող հարցերի վրա, ինչպիսիք են, օրինակ, կեղտոտ զուգարանակոնքերը, փողոցում թքելը և այլն։ 

Այնինչ իրավիճակը պահանջում է, որ կառավարությունը ոչ միայն աշխատանք տանի իրանական և ամերիկյան կողմերի հետ, այլև հանրությանը ցույց տա, որ իշխանությունների կողմից համապատասխան քայլեր են կատարվում Հայաստանի վրա իրավիճակի բացասական ազդեցությունը կանխելու ուղղությամբ։ 

Արդյոք հաշվարկվե՞լ է, թե ինչ ազդեցություններ կարող է կրել Հայաստանի տնտեսությունը ԱՄՆ-Իրան կոնֆլիկտի հետևանքով։ Իրանն ու Հայաստանը այս ընթացքում համատեղ ծրագրերի միջոցով նախատեսում էին առաջիկա տարիներին կրկնապատկել և հետագայում էլի ավելացնել ու ընդլայնել փոխադարձ առևտրաշրջանառությունը։ 

Շատ հավանական է, որ առաջիկայում Իրանի նկատմամբ նոր ամերիկյան պատժամիջոցներ սահմանվեն, ի՞նչ է անելու Հայաստանը, որպեսզի կարողանա պահպանել Իրանի հետ առևտրաշրջանառության տեմպը և անուղղակիորեն չընկնի պատժամիջոցների հարվածի տակ։ 

Ինչպե՞ս է հայկական կողմն ամերիկացիներին համոզելու, որ ըմբռնումով մոտենան Իրանի հետ մեր սերտ հարաբերություններին։ Նույն հարցը վերաբերում է նաև ենթակառուցվածքների ոլորտում հայ-իրանական որոշակի ծրագրերին, որոնք կապված են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման հետ և այլն։ 

Պետք է հաշվի առնել նաև, որ ամեն տարի հարևան Իրանից Հայաստան են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք զգալի գումարներ են ծախսում մեր երկրում և նպաստում զբոսաշրջության զարգացմանը։ 

Իսկ առաջիկա մարտ ամսին իրանցիների Նովրուզն է՝ Նոր տարին, որը շատ իրանցիներ նախընտրում են նշել Երևանում։ 

Եվ հարց է, թե արդյոք իրանցիների գնողունակության անկման պայմաններում որքանո՞վ կպակասի Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Հարցերը շատ են, իսկ ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանությունների կողմից լուրջ աշխատանք է պահանջում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular