Իրան-ԱՄՆ լարվածության ֆոնին ամենավատ սցենարը Ադրբեջանի կողմից ակտիվացումը կլինի․ Վովա Վարդանով
ՎԻԴԵՈԻրաքում ամերիկյան ռազմակայաններին հասցված Իրանի հարվածը շատ զգուշավոր էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Առաջին հետախուզադիվերսիոն» ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը։
«Շատ հետաքրքիր հարված հասցրին։ Սիմվոլիզմ, մաքուր սիմվոլիզմ․․․բացահայտ ամերիկյան հենակայաններին, բայց ընտրեցին այն ժամերը, երբ ամերիկացիները գնում են իրենց բնակարաններ՝ հանգստանալու։ Մնում են սպասարկող Իրաքի քաղաքացիները կամ զինծառայողները, անվտանգության աշխատողները, տեխնիկները, հնարավոր է նաև վարձկաններ լինեին։ Այդ ժամն է ընտրվել, որ Իրանը իր դեմքը չկորցնի, բայց միաժամանակ ամերիկացիները հարվածը ստանան ինչպես խոստացվել էր։ Հետո էլ ամերիկացիները մարդկային կորուստներ անձամբ չունենալով ակտիվ գործողություններից հրաժարվեն։ Շատ զգուշավոր հարված է եղել»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ պատահական չէ նաև, որ Էրբիլի ռազմաբազային է հարված հասցվել․ «Իրաքում ԱՄՆ-ի իրական դաշնակիցը քրդերն են։ Էրբիլի տարածքում խփելով, ինչ-որ տեղ, նաև քրդերին զգուշացրեցին, որ ձեր դաշնակցային հարաբերությունները վերանայեք, մի՛ մոռացեք, որ մենք ձեզ էլ նույն կերպ կարող ենք խփել, դուք ավելի մոտիկ թիրախ եք»։
Վարդանովը չի բացառում, որ ԱՄՆ-ն կգնա ռազմական գործողությունների, և Իրանին ճնշելու համար հնարավոր 6 ուղղություն է նշում։
Նրա համոզմամբ՝ ամենավատ սցենարը Հայաստանի համար այդ աղմուկի տակ Ադրբեջանի կողմից ակտիվացումը կլինի։ Բացի այդ, Վարդանովի խոսքով, եթե Հայաստանի սահմանի հարևանությամբ լարված իրավիճակներ ստեղծվեն, կարող են վրիպումներ լինել, երբ հրթիռը մի քանի հարյուր կիլոմետր շեղվում է և այլ տեղ ընկնում, կարող է հրետանիի ուրիշ հաշվարկներ լինեն և հարվածեն Հայաստանի տարածքին։
Մանրամասները՝ տեսանյութում։