Հանցագործությունը լիովին բացահայտված չէ. Ավետիսյանների գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել. ՀՔԱՎ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ2016 թ. օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արտագնա դատական նիստում հրապարակեց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավճիռը, որով սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման:
Տուժողների իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը կիսում են իրենց պաշտպանյալի տեսակետը՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չի բացահայտել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությանը մասնակից եւ մեղավոր բոլոր անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Անդրանիկ Պողոսյանի ներկայացուցիչները վերաքննիչ բողոք են ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. օգոստոսի 23-ի դատավճռի դեմ՝ իրականացված քննության ոչ ամբողջական, արդյունավետ և բազմակողմանի լինելու հիմքով: Բողոքում մատնանշվել են ինչպես Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունների չկատարումը, որով վերջիններս պարտավոր էին կանխել Ավետիսյանների ընտանիքի կյանքին սպառնացող վտանգը, այնպես էլ իրականացված քննության մի շարք թերացումներ:
Այս և այլ խախտումների մասին ահազանգվել է նաև գործի դատաքննության ընթացքում. ներկայացվել են մի շարք միջնորդություններ, սակայն դատարանը դրանց ընթացք չի տվել՝ մերժելով ներկայացված միջնորդությունները:
Հավելենք, որ դատավճռի հրապարակումից օրեր անց Ավետիսյանների տանը հրավիրված ասուլիսում տուժողների իրավահաջորդները, պնդելով իրենց տեսակետը, հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ավելի վաղ ՄԻԵԴ գանգատ էր ներկայացվել Անդրանիկ Պողոսյանի և վերջինիս ներկայացուցիչների կողմից: