ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թա­փան­ցիկ են այն դեպ­քում, երբ հեշտ է այդ­պի­սին լի­նել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետ Փաշինյանի վերջին ուղիղ եթերից տպավորություն առաջացավ, թե այն ամբողջովին նվիրված էր իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար Nissan X Trail մակնիշի ամենագնացի գնման թեմային: 

Վարչապետը երկար-բարակ պատմում էր, որ այդ մեքենան ոչ թե իրենց անձնականն է, այլ ՊՊԾ-ին է պատկանում և այդ մեքենայի գնման գործընթացից իրենք տեղյակ չեն: 

Եվ, ըստ էության, մեքենայի գնումը վերջինս պայմանավորեց նրանով, որ պետական պահպանության ենթակա անձանց թիվը (նկատի ուներ նախկին նախագահներին) ավելացել է, դրա համար էլ նոր մեքենա գնելու անհրաժեշտություն է ի հայտ եկել:

 Քիչ չէ, որ այդ թեման վարչապետը շոշափեց իր ուղիղ եթերում մի բան էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, թե նշված ավտոմեքենան գնվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ ինքը իշխանություն չուներ: 

Հարցի տեղիք է տալիս, թե ինչո՞ւ պետք է մեքենան գնվեր հենց 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Փաշինյանը դեռևս վարչապետի պաշտոնը չէր ստանձնել և պետական պահպանության ենթակա անձանց շրջանակը չէր ավելացել: 

Ապա լրատվամիջոցների հրապարակումներից պարզ դարձավ, որ մեքենայի գնումն իրականացվել է ոչ թե 2018 թվականի ապրիլին, ինչպես ասում է վարչապետը, այլ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և այն արժեցել է մոտ 30 հազար դոլար։ 

Ինչևէ, դրական է, որ վարչապետը պարզաբանումներ է տալիս հանրությանը հուզող և հետաքրքրող թեմաների շուրջ, բայց խնդիրն այն է, որ վարչապետն անդրադառնում է միայն իր նախընտրած թեմաներին: 

Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի թեմայի տակից Փաշինյանը շատ հեշտ կարող էր դուրս գալ և հանրությանը համոզել, որ պետբյուջեի միջոցներն իրենց կառավարությունը օգտագործում է ըստ անհրաժեշտության: 

Ավելին, ինչ-որ չափով հաջողվեց հասարակության որոշ շերտերի համոզել, թե ինչքան դժվար կյանքով են իրենք ապրում ճոխ վերանորոգված պետական առանձնատանը, ապասարկող ճոխ մեքենաներով, թիկնապահներով շրջելով: 

Ի դեպ, սպասվում էր, որ դա շարունակություն կունենա: Եվ ունեցավ՝ հանձին «փախուստ ՊՊԾ-ից» գործողությամբ, դրա նկարահանումները սոցցանցերում տարածելով, որտեղ, ի դեպ, մեքենան վարող վարչապետն առանց ամրագոտի էր... 

Բայց այս ամենը՝ մի կողմ. իրականում իշխանությունների ծախսերի և շռայլությունների հետ կապված առավել խոշոր թեմաների վարչապետը չի անդրադառնում, որոնց համեմատ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի թեման իսկապես մանրուք է: 

Եվ այսպես, հանրությունը ցանկանում է տեղեկանալ, թե Փաշինյանը ինչո՞ւ ուղիղ եթերների ժամանակ չի պատասխանում այն հարցին, թե ինչո՞ւ էր անհրաժեշտ 2 «Mercedes-Benz» S դասի ամբողջությամբ զրահապատ մեքենաների գնումը, որոնցից յուրաքանչյուրի գինը, ըստ մամուլի որոշ հրապարակումների, 550.000 դոլար է: 

Ինչո՞վ գործող մեքենաները չէին բավարարում վարչապետին, որ բազմապիսի սոցիալտնտեսական խնդիրներ ունեցող մեր երկրի բյուջեն պետք է ծանրաբեռնվի անհրաժեշտությունից չբխող ծախսերով: 

Քանի որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը թափանցիկ է աշխատում հանրության հետ, ապա ինչո՞ւ անձամբ պարզաբանում չի ներկայացնում նաև 55 մլն դոլար գումարով ինքնաթիռ գնելու թեմայի շուրջ: Ինչպե՞ս է ստացվում, որ գործող ինքնաթիռը երկրի նախկին ղեկավարների պահանջները բավարարել է, իսկ Փաշինյանինը՝ ոչ: 

Հայաստանի նման երկրի համար 55 միլիոն դոլարը ահռելի գումար է, և դրանով կարելի էր հազար ու մի խնդիր լուծել: 

Պարզաբանում պահանջող հաջորդ հարցը վերաբերում է աշխատավարձերի թեմային: Ինչպե՞ս է ստացվում, որ նախարարների, փոխնախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացվում է, այն դեպքում, երբ այդ պաշտոնյաները քիչ աշխատավարձ չէին ստանում: 

Կամ եթե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կրկնակի բարձրացնում էր, ապա ինչո՞ւ կրկնակի չի բարձրացնում հասարակ աշխատողների աշխատավարձերը, որոնք իշխանավորների համեմատությամբ ստիպված են բավարարվել գրոշներով: 

Սա խտրական մոտեցում է հազարավոր աշխատակիցների նկատմամբ: Հանրության համար անհասկանալի է նաև այն, որ 2019թ. միայն առաջին 10 ամիսների ընթացքում ԱԺ պատգամավորները 14 անգամ պարգևատրվել են և պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դոլար:

 Ինչո՞վ են պակաս այն քաղաքացիները, որոնք 2018 թվականի գարնանը Փաշինյանի կողքով չեն քայլել և պատահաբար չեն հայտնվել պատգամավորի պաշտոնում: 

Եվ եթե իրենց պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում իշխանությունները այսպիսի ճոխ ծախսեր են անում պետբյուջեի հաշվին, ապա արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ վատնումներ կկատարեն, երբ մի քանի տարի ևս պաշտոնավարեն: 

Ուստի հասարակությունը պետք է պահանջի, որ իշխանությունները կոպեկ առ կոպեկ հաշվետվություն ներկայացնեն հանրությանը և հարկ եղած դեպքում հիմնավորեն, թե ինչով են պայմանավորված իրենց շռայլ ծախսերը: 

Թեպետ դժվար է ինչ-որ բան պահանջել այն դեպքում, երբ երկրի վարչապետն ասում է, թե ուղղաթիռը ոչ թե ճոխություն է, այլ փոխադրամիջոց, ինչպես, ասենք, «Մերսեդեսը»...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular