ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիվ 150 բանաձևը։ Եվ ուշագրավ է, որ սենատորներից որևէ մեկը այս անգամ վետո չդրեց փաստաթղթի քվեարկության վրա։ 

Բանաձևը ԱՄՆ-ի Սենատին էր ներկայացվում արդեն չորրորդ անգամ, քանի որ նախորդ 3 անգամները այն չէր հասել ընդունման՝ տարբեր կոնգրեսականների կողմից վետո կիրառելու արդյունքում: 

Հետաքրքրական է, որ նախկինում բանաձևը արգելափակած 3 հանրապետական սենատորներն էլ այս անգամ սկզբունքորեն դեմ չեն արտահայտվել բանաձևի ընդունմանը, ընդամենը նշել են, որ այժմ դրա ժամանակը չէ: 

Քվեարկության դրված բանաձևը պաշտոնապես ցեղասպանություն է ճանաչում 1915ից 1923 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունները, և սա առաջին դեպքն է, երբ ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունվում է ԱՄՆ Սենատի կողմից: 

Նշենք, որ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, դեռ հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող 296-րդ բանաձևը՝ 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ օրենսդիր իշխանությունն ամբողջովին ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում։ 

Եվ պատահական չէ, որ Սենատում տեղի ունեցած քվեարկությունը ամերիկյան լրատվամիջոցները որակում են որպես պատմական։ 

Եվ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԱՄՆ Սենատը օժտված է դեսպանների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումների հաստատման ուժով, ուստի բոլոր առաջադրվելիք թեկնածուները պետք է այլևս հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես հարցականի տակ կդնեն Կոնգրեսի կողմից իրենց նշանակվելու հավանականությունը։ 

Ճիշտ է՝ Ներկայացուցիչների պալատի 296րդ և Սենատի 150-րդ բանաձևերը միմյանցից անկախ են՝ արտահայտելով առանձին պալատների դիրքորոշումները և ընթացակարգով չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը, սակայն դրանք պարունակում են հետևյալ ուղերձները՝ 1. բացառում են ԱՄՆ-ի մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, 2. խրախուսում են ԱՄՆ-ի շարունակական ոգեկոչման ու ճանաչման միջոցառումները՝ միտված հիշատակելու մարդկության դեմ կատարված միջազգային այս հանցագործությունը, 3. աջակցում են ԱՄՆ հանրակրթական հաստատություններում Հայոց ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ կանխարգելելու մերօրյա նմանօրինակ հանցագործությունները։ 

Ինչպես սպասելի էր, Թուրքիայի արձագանքը չուշացավ. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլ յութ Չավուշօղլուն ԱՄՆ Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է որակել։ Նա նշել է, թե այս որոշումը իրավական պարտադիր ուժ չունի։ 

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունը ևս արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ թվիթերյան էջում գրելով, թե բանաձևը լավ չի անդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ 

Իսկ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե իրենք դատապարտում և մերժում են «ծեծված պատմական հասկացողությունը քաղաքական փոքր հաշիվներին ծառայեցնող որոշումը»։ 

Թուրքական կողմից այսպիսի հուզական արձագանքները վկայում են այն մասին, որ իրենք իրապես անհանգստացած են բանաձևի ընդունմամբ։ 

Իհարկե, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ բանաձևն ընդունվում է այնպիսի պայմաններում, երբ թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բավականին ցածր մակարդակում. 

ընդամենը մեկ օր առաջ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել մի այլ օրինագծի, որը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ։ 

Ուստի միջազգային իրավիճակը առավել քան բարենպաստ է Հայաստանի համար ամերիկյան կառավարության և անձամբ ԱՄՆ նախագահի հետ սերտորեն աշխատելու ուղղությամբ, որպեսզի վերջինս ևս հետևի Կոնգրեսի օրինակին և պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ 

Եվ ընդհանրապես, ՀՀ կառավարությունը պետք է ակտիվացնի իր ջանքերը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը նոր փուլ տեղափոխելու հարցում՝ օգտվելով նաև այն հանգամանքից, որ վերջերս ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության որոշակի նվազում է նկատվում։

 

ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular