ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի անձնագրի պատմություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցավոք, պետք է նկատենք, որ որքան էլ այս օրերին ազգովի ներշնչված լինենք ազատասիրության ու հայրենասիրության ոգով՝ միտված լինելով նույնիսկ երբեմն անտեսել երկրում առկա ինչ-ինչ թերություններ ու քննադատելի երևույթներ, սակայն մեզանում հաճախ տեղի են ունենում բաներ, որոնք մարդկային առողջ տրամաբանության մեջ որևիցե կերպ չեն կարող տեղավորվել. պարզվում է՝ նախկինում իսկական սկանդալային միջադեպ է տեղի ունեցել հոսպիտալներից մեկում, երբ վիրավոր զինվորին, նրա առողջական վիճակը բարելավելու նպատակով, համապատասխան բժշկական գույք տրամադրելու համար ռազմական հոսպիտալի մի խումբ աշխատակիցներ զինծառայողի մորից որպես գրավ պահանջել և ստացել էին անձնագիր՝ իբր ելնելով տարրական զգուշավորությունից: Օրերս լրագրողներից մեկը, փորձելով, ինչպես ասում են, առաջին ձեռքից ստանալ համապատասխան պարզաբանումներ, հարց էր ուղղել հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանին տեղի ունեցածի վերաբերյալ. Ասատուրյանը, սակայն, փոխարենը գոնե առերևույթ դատապարտելու բոլոր նրանց, ովքեր հանդգնել են վիրավոր զինվորի մորը դնել նման անհարմար կացության մեջ, պատասխանել էր, թե լավ են արել, որ պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ, դա արել են, քանի որ, բա չեք ասի,պետական գույք է, ու մարդիկ պետք է այդպես անեին՝ հաստատ վստահ լինելու, որ այդ պետական գույքի անվտանգությունը չի կարող հարցականի տակ գտնվել:
Հիմա ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն պետք է լինի յուրաքանչյուր բանական էակի արձագանքը՝ նման պատասխանին, որպես նորմալ մարդիկ՝ դուք ի՞նչ եք կարծում, սա արդյոք այն պատասխա՞նն է, որ պետք է հնչեր սույն հարցադրմանը: Կներե՛ք, բայց այնպիսի տպավորություն է՝ թե գնդապետ Ասատուրյանը, իրոք, կարծում է, թե զինվորի մայրը պետք է վերցներ հիվանդանոցի շարժական գույքն ու հօդս ցնդեր, ինչպես ասում են, տաներ պետության վրայից այդ իրը: Ցավալի է, բայց փաստ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ իրենց ամեն մի չմտածված քայլ, ամեն մի սխալ արարք կամ խոսք կարող է այնպիսի արձագանք ստանալ հասարակության մեջ, որ վարկաբեկվեն ոչ միայն իրենք, այլև թյուր կարծիք ձևավորվի հասարակության շրջանում այս կամ այն կառույցի վերաբերյալ:
Մնում է հուսալ, որ Ասատուրյանի հետ համապատասխան մարդիկ համապատասխան խոսակցություն, այնուամենայնիվ, կունենան՝ այս դեպքի հետ կապված՝ նրան բացատրելով, որ չի կարելի զինվորների մայրերին դիտարկել՝ պոտենցիալ հանցագործներ ու հարկավոր է վստահություն պահանջելուց առաջ նախ՝ վստահել անձամբ, որպեսզի հասարակություն-բանակ կապը ոչ թե աղճատվի, այլ, ընդհակառակը, ամրանա, առանց որի որևիցե բանակաշինություն չի կարող հաջողությամբ պսակվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular