ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչ­պես պարտ­վե­լով՝ փոր­ձե­ցին խու­սա­փել պար­տու­թյու­նից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Յուրաքանչյուր երկրում կառավարումն իրականացվում է ինչպես իշխանության կենտրոնական մարմնի՝ գործադիր իշխանության կողմից, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների: 

Եվ ի տարբերություն գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարումը հանրային կառավարման համակարգ է, որը համայնքի բնակչությանը վերապահում է տեղական նշանակության հարցերն ինքնուրույն լուծելու, համայնքային ունեցվածքն օգտագործելու և տնօրինելու իրավունք:

 Ժողովրդավարության զարգացումը և կառավարման ապակենտրոնացումը մեծապես կախված է ՏԻՄ կառույցների արդյունավետության բարձրացումից, թափանցիկության և հաշվետվողականության բարելավումից: 

Այնուամենայնիվ պետք է նշել, որ ՏԻՄ համակարգի արդյունավետ գործառման տեսանկյունից դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են մի կողմից՝ օրենսդրական դաշտում առկա բացթողումներով և հակասություններով, իսկ մյուս կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական, կադրային, վարչական և այլ ռեսուրսների սղությամբ:

Հատկանշական է, որ ՏԻՄ ընտրությունները յուրահատուկ ցուցիչ են, թե ինչպիսի վստահության մակարդակ ունեն քաղաքական ուժերը տեղական մակարդակում, և դա հաշվի առնելով՝ քաղաքական ուժերը կարող են որոշել իրենց հետագա ռազմավարական ուղղությունները: 

Թերևս սրանով է պայմանավորված, որ առանձին համայնքներում բնակիչների վստահության քվեն ստանալու նպատակով կուսակցությունների և դաշինքների միջև շատ թեժ պայքար է ընթանում և մեծ ռեսուրսներ են կենտրոնացվում քարոզարշավների կազմակերպման վրա: 

Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ տեղական մակարդակում ընտրապայքարի անտեսումը հանրային ընկալումներում թուլացնում է կուսակցությունների դերակատարությունը:

Անցած տարվա դեկտեմբերին՝ էյֆորիկ տրամադրությունների առկայության պայմաններում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նոր իշխանություններին թվում էր, թե ՏԻՄ ընտրություններում իրենք որևէ խնդիր չեն ունենալու, սակայն ընտրությունների արդյունքում ՔՊ-ն մի շարք համայնքներում պարտություն կրեց, ինչը ցույց տվեց, որ իշխող ուժը իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է միայն խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա, ինչի արդյունքում անտեսվել են համայնքները: 

Բացի այդ, ընտրություններն ի ցույց դրեցին, որ ՔՊ-ի տեղական կառույցները կայացած չեն, իշխող կուսակցությունը մարզերում չունի անհրաժեշտ կադրային բազա: 

Հիմնականում այս հանգամանքներով էր պայմանավորված, որ վարչապետ Փաշինյանը անձամբ մասնակցեց Աբովյանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, սակայն նույնիսկ այս հանգամանքը հնարավորություն չտվեց իշխանական թեկնածուին հաղթել ընտրություններում: 

Աբովյանում կրած պարտությունը իշխանությունները ծանր տարան, և դրանով հօդս ցնդեց այն կարծրատիպը, թե իշխող ուժը լիակատար աջակցություն է վայելում բնակիչների շրջանում: 

Որպեսզի մոտակա ապագայում տարբեր համայնքներում կարողանան զերծ մնալ պարտություն կրելուց, իշխանությունները հիմա էլ փորձում են նոր Ընտրական օրենսգրքում ամրագրել դրույթ, ըստ որի ՏԻՄ ընտրությունները պետք է տեղի ունենան կուսակցական ցուցակներով: 

Նրանք այդպիսով հույս ունեն, թե կարող են օգտագործել վարչապետի վարկանիշը տեղական մակարդակով, սակայն այսպիսի քաղաքականությունը իր արդյունքները չի տա, քանի դեռ իշխող ուժը առանձնահատուկ ուշադրություն չի դարձնում համայնքների զարգացմանը: 

Դեկտեմբերի 8–ին էլ հանրապետության մարզերից 7–ում տեղի ունեցան հերթական ՏԻՄ ընտրությունները, և իշխանությունները մեծ հնարավորություններ ունեին ցույց տալու, որ համայնքների խնդիրները գտնվում են իրենց ուշադրության ներքո: 

Սակայն, ի զարմանս բոլորի, 12 համայնքում առկա թեկնածուների շարքում չկար ոչ մի ՔՊ– ական թեկնածու, ինչը նշանակում է, որ իշխող ուժի համար ՏԻՄ մակարդակն ընդհանրապես հետաքրքրություն չի ներկայացնում: 

Շատ հավանական է, որ իշխանությունները, հասկանալով, որ իրենց վարկանիշն ամեն օր գահավիժում է, այսպիսի գործելակերպով խուսափել են պարտություն կրել (առավել ևս, որ իշխանությունների կողմից չառաջադրված, բայց նրանց հետ ասոցացվող ու մարզպետների կողմից աջակցություն ունեցող թեկնածուները պարտվեցին), սակայն հաշվի չեն առել, որ միայն ընտրություններին մասնակցելու միջոցով կարող էին հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ունի իրենցից ժողովուրդը: 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular