ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշ­տո­նյա­ներն իրենց գույ­քի և դրա­մա­կան մի­ջոց­նե­րի մա­սին առա­վե­լա­գույն տե­ղե­կատ­վու­թյուն կտրա­մադ­րեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախորդ համարում արդեն անդրադարձել ենք արդարադատության նախարարության՝ հանրային քննարկման ներկայացրած նոր նախագծին, որով առաջարկվում է վերանայել հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: 

Հաշվի առնելով թեմաի նկատմամբ հետաքրքրությունը, ներկայացնում ենք նախագծի մանրամասները: 

Մասնավորաբար, օրենքի նախագիծը հայտարարագրման պարտականություն է նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների, ԱԺ պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևանի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ 

Նախատեսվում է նաև ընդլայնել գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը, նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ և այլն։ 

Նշվում է, որ այս դեպքում լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն պաշտոնյայի գույքի և դրամական միջոցների վերաբերյալ, ինչն էլ կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը պետք է ավելի ընդարձակվի և դրանում պետք է ընդգրկվեն նաև նրանք, որոնց գործունեությունը պարունակում է որոշակի ռիսկայնություն: 

Ներկայումս հայտարարագիր ներկայացնում է շուրջ 3 000 պաշտոնյա, սակայն ՏԻՄ-երում պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ՝ խոսքը համայնքի ավագանու անդամների և աշխատակազմերի քարտուղարների մասին է, ազատված է հայտարարագրման պարտականությունից։ 

Նախագծում նշվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պարագայում մեծ դժվարություններ են առաջանում նաև պաշտոնյաների՝ օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններում առկա միջոցները բացահայտելիս, ինչպես նաև արտերկրում առկա գույքի մասին տեղեկատվություն ստանալիս: 

Շատ հաճախ նրանք ուղղակի չեն հայտարարագրում այս տեղեկատվությունը, միևնույն ժամանակ այլ երկրների պետական կառավարման մարմիններից տեղեկատվություն ստանալն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: 

Առավել բարդ է հատկապես օտարերկրյա մասնավոր կազմակերպություններից տեղեկատվության ստացման հնարավորությունը, հատկապես երբ հարցումը կատարվում է քրեաիրավական շրջանակներից դուրս: 

Ի դեպ, ներկայումս պաշտոնյաները չունեն պարտավորություն փաստացի տիրապետվող գույքի մասին տեղեկատվություն ներկայացնելու: 

Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը հաճախ թաքցնում են փաստացի իրենց պատկանող գույքը՝ այն ձևակերպելով որպես այլ անձանց սեփականություն: 

Փաստորեն՝ վերանայման կարիք ունի նաև գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը: 

Ներկայումս հայտարարատու պաշտոնյան ներկայացնում է որոշակի տեղեկատվություն անշարժ և շարժական գույքի, արժեթղթերի և հանձնված կամ վերադարձված փոխառությունների վերաբերյալ, ընդ որում օրենքում հստակ տարանջատված չեն փոխառությունները բանկային ավանդից, դրամական միջոցները բանկային հաշվից: 

Բացի դա, մտահոգությունների տեղիք է տալիս այն, որ ներկայումս, երբ պաշտոնյան, օրինակ՝ վաճառում է իր գույքը կամ ձեռք բերում այն, հայտարարագրում չի ներառվում տեղեկատվություն գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչն, ըստ նախագծի հիմնավորման, անհրաժեշտ գործիք կարող է լինել հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացահայտման տեսանկյունից: 

Ներկայումս պաշտոնյաները չեն ներկայացնում նաև բանկային հաշիվների և բանկային ավանդների վերաբերյալ որևէ տեղեկատվություն, մինչդեռ համաշխարհային բանկի տվյալներով՝ գրեթե բոլոր երկրներում բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա է հայտարարագրման, ընդ որում անհրաժեշտ է հստակ տարանջատել փոխառությունը և վարկը՝ որպես եկամտի ստացման առանձին աղբյուրներ: 

Բացի սա, ըստ նախարարության՝ վերանայման կարիք ունի նաև օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը: Այժմ թանկարժեք գույքի դրամական չափը սահմանվում է 8 մլն դրամը: 

Նշվում է, որ արժեքային այս շեմը շատ բարձր է, ինչի արդյունքում հայտարարագրման ենթակա գույքի շրջանակն առավել ծավալուն չէ։ Նախկինում փորձագետների կողմից պարբերաբար կարծիք էր հնչում, որ պետք է հայտարարագրել նաև պաշտոնյաների թանկարժեք հանգստի և թռիչքների ծախսերը։ 

Նման խնդիր բարձրացվել է նաև այս նախագծով։ Մասնավորապես՝ առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: 

Նշվում է, որ ներկայումս պաշտոնատար անձինք հայտարարագրում են իրենց գույքի եկամուտների և շահերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

Ընդ որում, հայտարարագրման է ենթակա ոչ թե ամբողջ, այլ օրենքով նախատեսված տեղեկատվությունը: 

Արդյունքում լիազոր մարմնի ստացած տեղեկատվությունը բավարար չէ պաշտոնատար անձի գույքային դրության մասին ամբողջական պատկերացում ձևավորելու համար: 

Շատ հաճախ անհրաժեշտ է լինում ստանալ տեղեկատվություն նաև հայտարարատու պաշտոնատար անձի կատարած ծախսերի վերաբերյալ: 

Հնարավոր է, որ անօրինական ճանապարհով ստացված միջոցներն օգտագործվեն այնպիսի եղանակով, որ ստացված արդյունքները չարտացոլվեն հայտարարագրում, օրինակ՝ մի շարք ծառայություններից օգտվելիս, հանգստյան, ուսման համար վճարումներ կատարելիս: 

Այսինքն՝ առաջարկվում է սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: 

Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ, ինչն էլ կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը: 

Թե որքանով օրենքում կատարվող փոփոխությունները կարտացոլվեն իրականության մեջ, դժվար է ասել, բայց այն, որ ներկայիս իշխանությունները ցանկանում են համապարփակ տեղեկատվություն ունենալ պաշտոնյաների գույքային և դրամական միջոցների, ընդհուպ նաև ծախսերի վերաբերյալ, փաստ է։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular