ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշ­խա­նու­թյուն­նե­րի ընդ­դի­մա­դիր «հու­շա­տետ­րը» թեր­թե­լիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերն են արդեն արձանագրում, որ ՀՀում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հռետորիկայի տեսակետից մնացել է նույն ընդդիմադիրը, սակայն մյուս կողմից՝ քայլերի ու որպես վարչապետ իրականացվող ծրագրերի առումով մի տեսակ հեռացել է իր նախկին կերպարից և գրեթե մոռացության մատնել իր ընդդիմադիր պատգամավորության շրջանում առաջ քաշած պնդումները, թիրախավորած խնդիրներն ու հատկապես «Ելք» խմբակցության շրջանակներում իր օրենսդրական նախաձեռնությունները։ 

Փաստը մնում է փաստ, որ միայն պարբերաբար խոսելը ժողովրդի շահերից ու «հեղափոխական» գաղափարներից՝ բավարար չէ հարցերին ու խնդիրներին հոդաբաշխ լուծումներ տալու համար։ 

Բղավելով, սպառնալով, պոպուլիստական հայտարարություններով ո՛չ մարդկանց սառնարանները կլցնես, ո՛չ հասարակությանը հուզող այլ խնդիրների լուծում կտաս: Արդյունքում գնալով ավելի ու ավելի շատ են մարդիկ համոզվում, որ մի կողմից՝ սպասումներն այդպես էլ չեն արդարանում, մյուս կողմից՝ անդնդախոր վիհ է առաջացել նախկին ու ներկա Նիկոլ Փաշինյանների միջև: 

Ընդամենը մի քանի օրինակ «Ելքի» և ընդդիմադիր Փաշինյանի կողմից առաջ քաշած հարցերից, որոնք ներառված չեն ո՛չ կառավարության ծրագրում, ո՛չ բյուջեի մասին փաստաթղթում, ավելին՝ անգամ դրանց մասին չեն էլ հիշատակվում մեկուկես տարվա ընթացքում։ 

Մասնավորաբար՝ ժամանակին նրանք առաջարկում էին դեղերի իրացումը ազատել ԱԱՀ-ից, ինչի արդյունքում կտրուկ պետք է նվազեր ՀՀ-ում վաճառվող դեղորայքի գինը, նաև առաջարկում էին սպաներին ազատել գույքահարկ վճարելուց՝ մինչև ծառայության 20-րդ տարին, ստիպել խոշոր հարկ վճարողներին հավելյալ հաշվետվություններ ներկայացնել, ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հատուկ ԱԺ լսումներ էին կազմակերպում, հայտարարում էին, թե ՀԱՊԿ-ը «պարազիտ կառույց է, սպասարկում է ՌԴ-ին»։ 

Հիմա այս ամենը մշուշով պարուրված անցյալ է, իսկ որոշ դեպքերում բացարձակ հակառակ տեսակետներ են առկա: 

Ժամանակին Փաշինյանն ու թիմակիցներն առանձնակի ուշադրությամբ էին հետևում սպառողական շուկայում գնաճին, 2018-ի հունվարին անգամ ՀՀ-ում տեղի ունեցած թանկացումների հետ կապված լսումներ կազմակերպվեցին, որոշակի ցույցեր տեղի ունեցան, սակայն իշխանության գալուց հետո ՀՀ շուկայում մի քանի անգամ փաստացի գնաճ է գրանցվել։ 

Ժամանակին Փաշինյանը դժգոհում էր նաև այն հանգամանքից, որ 2017-ին նախագահ Սարգսյանի աշխատակազմի ծախսերի համար հատկացվել էր 4,5 մլրդ դրամ (շուրջ 9,5 մլն դոլար): Ընդամենը մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանի աշխատակազմի բյուջեն ավելացել է բազմակի, և ճոխ ծախսերն էլ իրենց սպասել չտվեցին: 

Փաստորեն, իշխանությունը այնքան էլ լավ բան չէ, քանզի 180 աստիճանի տակ կարող է փոխել մարդկանց, հեռացնել այն ակունքներից, որոնք նպաստել են հենց իշխանություն ստանալուն: 

Ու պետք չէ համեմատվել ոչ մեկի հետ, առավել ևս՝ Հիսուս Քրիստոսի: 

Դա ոչ մի օգուտ չի տա, նույնիսկ ընդհակառակը: Իշխանություններն ու անձամբ Փաշինյանը պետք է ի վերջո դադարեն իրավիճակին նայել Ֆեյսբուքի «պատուհանից», այնտեղ ճշմարտությունն աղճատված է: 

Թեպետ նույնիսկ այստեղ են արդեն էապես նվազել Նիկոլին փրկիչ համարողները, փոխարենը մեծ թիվ են կազմում հակառակ կարծիքն ունեցողները:

 Իսկ թե ինչ են մտածում մարդիկ հատկապես մարզերում, պարզապես հրապարակման ենթակա չէ:

 

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular