Վենդետա չի եղել. նոր մանրամասներ վրաերթից մահացած 7-ամյա երեխայի հոր եւ վարորդի հարաբերություններից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրազդանում հուլիսի 4-ին ծնողների աչքի առջեւ վրաերթի ենթարկված տղայի հոր եւ վարորդի միջեւ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հանդիպումն առաջինը չի եղել:
Դեպքից հետո NEWS.am-ին հայտնի են դարձել վրաերթից տուժող կողմի եւ գրավի դիմաց ազատ արձակված վարորդի միջեւ առկա հարաբերությունների հետաքրքիր մանրամասներ, որոնք, ըստ էության, հերքում են վենդետայի վարկածը։
Պարզվում է, որ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հանդիպումը վրաերթ իրականացրած վարորդի եւ զոհված երեխայի հոր առաջին հանդիպումը չի եղել։ Վարորդի` գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո նրանք մի քանի անգամ արդեն հանդիպած են եղել։
Ավելին վրաերթից հետո տուժողների ու վարորդի հարազատների միջեւ տեղի են ունեցել նաեւ բանակցություններ փոխհատուցման վերաբերյալ։ Մասնավորապես տուժող կողմը ստացել է որոշակի գումար եւ բնակարան Հրազդան քաղաքում։
Չի բացառվում, որ մահացած երեխայի հոր ու վրաերթ իրականացրած վարորդի հերթական հանդիպման ընթացքում ծագած եւ դանակահարությամբ ավարտված վեճը սկիզբ է առել հենց փոխհատուցման շուրջ իրականացվող բանակցությունների կապակցությամբ։
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ դանակահարությունից հետո ձերբակալված, հետագայում գրավի դիմաց ազատ արձակված զոհված երեխայի հայրը դանակահարության դեպքի կապակցությամբ ցուցմունք է տվել, թե հեռախոսազրույց է ունեցել վարորդի հետ, որի ընթացքում իրեն դուր չի եկել զրուցակցի տրամադրությունը, որից հետո այլեւս ոչինչ չի հիշում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրազդանում հուլիսի 4-ին ծնողների աչքի 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդ Վանիկ Սարգսյանին սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմանում դանակահարել են:
Ինչպես պարզվել էր` մահացած տղայի հայրը սեպտեմբերի 5-ին, հանդիպել է գրավի դիմաց ազատ արձակված վարորդին` Վանիկ Սարգսյանին: Վիճաբանել են, որից հետո հայրը, դանակահարել է վարորդին: