Վաչիանիում սպանված հայ ընտանիքի հարազատները կարծում են, թե կասկածյալին բանտում սպանել են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՋավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի հարազատները կասկածում են, որ հնարավոր է՝ Թբիլիսիի Գլդանիի բանտի իր խցում Ակոպովը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են։ NEWS.am-ի հետ զրույցում նրա հարազատներից մեկը նշեց, որ դիմել են իրավապահ մարմիններին, որպեսզի հետաքննություն իրականացվի՝ բանտում նրա նկատմամբ բռնություն գործադրվել է, հնարավոր է՝ նրան սպանել են կամ դրդել ինքնասպանության.
«Մեզ տեղեկացրել են, որ խցում գտնվելու ընթացքում նա երկու անգամ երակները կտրելու միջոցով փորձել է ինքնասպան լինել։ Մենք հիմա չենք հավատում, որ իր կամքով է այդ քայլին գնացել, նրա նկատմամբ բանտում բռնություն է գործադրվել եւ հնարավոր է հենց այդ պատճառով էլ գնացել է այդ քայլին»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը օգոստոսի 27-ին կալանավայրում ինքնասպան է եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, գյուղի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը՝ ծխից մրոտված:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի: