«Սասնա ծռեր» խմբի դեմ ցուցմունք տված՝ բեռնատարի վարորդը փոխում է ցուցմունքները
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԲեռնատար տրամադրելու միջոցով «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Խաչատուր Գիչյանը, որը նախկինում հայտնել էր, որ իրենից սպառնալիքով են վերցրել բեռնատարը, փոխում է ցուցմունքները: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը:
«Բեռնատարը խմբին հանձնելու հետ կապված տարբեր հիմնավորումներ է ներկայացնում»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը նշեց, որ Գիչյանն, այնուամենայնիվ, պնդում է, որ խմբին օժանդակելու դիտավորություն չի ունեցել:
Նշենք, որ դատարանն այսօր քննելու է նրա խափանման միջոց կալանքը երկարացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը:
Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: