Հայաստանում կազմակերպվել է չոչ անող մանուկների մեծ մրցույթ (տեսանյութ)
ՍՊՈՐՏ«Հայ ծնողների ակումբ»-ն, առողջ ապրելակերպն ու չոչը խրախուսելու և դրական հույզեր պարգևելու ցանկությամբ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է փոքրիկ չոչ անողների մեծ մրցույթ: «Երազ» այգում տեղի ունեցած Չոչի մրցույթին մասնակցում էր 9 ամսականից մինչև 1 տարի 3 ամսական տարեկան 40 երեխա:
«Մրցույթին մասնակցում է 40 երեխա, և լինելու է 5 խումբ, ու յուրաքանչյուրում՝ 8-ական մասնակից, միայն մեկում` 9 հոգի: Ունենք 4 մետր երկարությամբ 5 չոչուղի: Ամեն խմբից մեկական հոգի է հաղթելու, և մրցույթից հետո մեր հովանավորները տրամադրելու են տարբեր տեսակի նվերներ և սերտիֆիկատներ»,- ասաց «Հայ ծնողների ակումբ»-ի համակարգող Տաթև Միրզոյանը:
Չոչուղու մի կողմում կանգնած էր երեխայի հարազատներից մեկը, իսկ մյուս կողմում՝ մյուսը: Ուրախ տրամադրության, դիջեյի աշխույժ երաժշտության ներքո փոքրիկ մասնակիցները չոչ էին անում և փորձում հնարավորինս արագ անցնել մի քանի մետրանոց կարճ չոչուղին: Մրցույթին թույլատրվում էր բերել երեխայի սիրելի խաղալիքները կամ ցանկացած այլ իր, որոնցով հնարավոր էր գրավել, կանչել երեխային: Ծնողներն իրավունք չունեին հատել սահմանագիծը և դիպչել երեխային մրցույթի ընթացքում:
Փոքրիկները մրցում էին մի քանի խմբով: Մրցույթում հաղթածներից մեկը 1 տարեկան 3 ամսական Էլինան էր, ով ինչպես մայրիկը` Հասմիկն ասաց, տանն էլ շատ ակտիվ չոչորդ է: «Էլինան տանն էլ շատ ակտիվ է, ատամհատիկի ժամանակ էլ սպորտսմենի մասնագիտությունն է ընտրել: Սա նրա առաջին մրցույթն էր և առաջին հաղթանակը, և կարծում եմ, որ նմանատիպ մրցույթները հաճախակի կլինեն, որ մենք էլ մասնակցենք»,- նշեց Հասմիկը:
Միջոցառմանը ներկա էին նաև արդեն քայլող կամ դեռ չոչ չանող փոքրիկներ, ովքեր մասնակցում էին միջոցառման մյուս զվարճանքներին: