Նազիկ Ավդալյան. Անկեղծ եմ ասում՝ ուժ էի ստանում սահմանին կռվող մեր զինվորներից
ՍՊՈՐՏԵվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է չեմպիոնության և առաջիկա ծրագրերի մասին:
-Նազիկ, այս հաղթանակդ նման էր փյունիկի պես մոխրից հառնելու: Այդպես չէ՞:
-Վերջին անգամ 8 տարի առաջ էի Եվրոպայի չեմպիոն դարձել: 2009 թվականից սպորտի մեջ չէի: Վնասվածքները հաջորդում էին իրար, այնուհետ ավտովթարը եղավ, որից հետո հեռացա մեծ սպորտից: 2015 թվականից նորից մարզվում էի: Ես չէի մտածում Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին: Առաջին հերթին մտածում էի մոտեցումներս լավ անելու մասին: Ես իսկապես էմոցիոնալ առումով շատ բուռն մրցաշար ունեցա: Ոչ մի մրցաշարում հաղթելիս այսպիսի զգացողություն չեմ ունեցել, գուցե նրանից է, որ այն ժամանակ երեխա էի, հաղթանակի բերկրանքը չէի վայելում մինչև վերջ: Շատ շատերը չէին հավատում, որ կարող էի լուրջ արդյունք գրանցել:
Ես ուժ էի ստանում սահմանին կռվող մեր զինվորներից, անկեղծ եմ ասում: Նրանք կյանքի և մահու պայքար են տալիս և չեն վախենում, ես ինչի՞ց պիտի վախենայի: Անընդհատ մտքերի մեջ էի, որ մենք քանակով քիչ ենք, ոչ էլ նույնչափ զենք ունենք, բայց հաղթում ենք, իսկ մարզիկներիս համար ամեն պայման ստեղծված է, էլ ինչո՞ւ պիտի չհաղթենք: Ես մեր զինվորների ցավը տանեմ: Ես միայն շնորհակալություն կարող եմ հայտնել հայ զինվորին, որ կանգնած են մեր սահմանին:
-Արդյո՞ք այս մրցաշարում տրամադրվածությունդ մեծ դեր ունեցավ:
-Այս Եվրոպայի առաջնությունում բարձրացրածս քաշերը անում էի նաև մարզումների ժամանակ: Երբ նախնական արդյունքներին ես նայում, ոչ մեկ չի ներկայացնում այն, ինչը կարող է բարձրացնել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ ունի վախի չնչին զգացում:
-Դեռևս շուտ է Օլիմպիական խաղերի մասին խոսել, սակայն, այդ կերպ շարունակելու դեպքում մենք մեդալի համար պայքարելու հնարավորություն ունե՞նք:
-Երբեք չեմ խոսել ապագա ծրագրերի մասին: Առաջ Աստված: Իհարկե, ինքս իմ մեծ նպատակներ ունեմ, որոնք կապված են Օլիմպիական խաղերի հետ: Չկա մարզիկ, ով չի երազում Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին: