Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին:
Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։
Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածնի համայնքապետարանից կատարված յուրացման 7 դրվագ, պարզվել առերևույթ կատարված յուրացումների մեխանիզմը:
Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա որպես հիմնարկի տեղամասի պահակ աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ:
Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս, որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ: