Փոխանցման տուփը «խոլոստոյ» է եղել, շարժվել է. Շիրակի մարզում ողբերգական վթարի սարսափելի մանրամասները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի Կառնուտ գյուղի մոտ ջրամբարն ընկած մեքենայի ուղեւորը եւ վարորդը քնած են եղել, երբ մեքենան շարժվել է, հայտնվել ջրամբարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կառնուտի գյուղապետ Արծրուն Գաբոյանը։
«Մեքենան կանգնեցրել են ջրամբարի մոտ, փոխանցման տուփը «խոլոստոյ» է եղել, շարժվել է, հայտնվել ջրամբարում»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ տղամարդիկ նաեւ ալկոհոլ են օգտագործած եղել։
Մեքենայի վարորդը մահացել է, ուղեւորը դուրս է եկել մեքենայի միջից։
Տղամարդիկ Շիրակի մարզի Շիրակավան գյուղից են։ Շիրակավանի գյուղապետ Մարատ Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մահացած 60-ամյա տղամարդը, ընտանիք, թոռներ ունի։ Նա իր ընկերոջ հետ գնացել էր ջրամբարից ձուկ որսալու։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ի գիշերը «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու ընկել ջրամբարը։ Վարորդը՝ 1956 թ. ծնված Ա. Թ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւորը՝ 1969 թ. ծնված Ա. Բ.-ն մինչեւ փրկարարների հասնելը ինքնուրույն դուրս է եղել ավտոմեքենայից։