ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ հիմնախնդիրը՝ ԵՄ հետ Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ փաստաթղթերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական Միության և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կանոնակարգվում են 1996 թ. ստորագրած և 1999 թ. ուժի մեջ մտած «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով:  Նշված համաձայնագրին առաջիկայում ամբողջությամբ պետք է փոխարինի 2017 թ. ստորագրված և 2018 թ.-ից մասնակիորեն ուժի մեջ մտած «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ): Բացի նշված համաձայնագրերը, 2016 թ. ԵՄ-ն եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ներկայացրել է «Գործընկերության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018 թ.:

Ինչպես նշված է Եվրամիության կայքում՝ վերոնշյալ համաձայնագիրը սահմանում է առաջիկա տարիներին ԵՄ-ՀՀ համատեղ քաղաքականության գերակայությունները՝ ՀԸԳՀ-ին համահունչ: Այն առանցքային նշանակություն ունի մինչև 2020 թ. ՀՀ-ին տրամադրվելիք ԵՄ ֆինանսական աջակցության հարցում: Այսինքն, փաստացի սա ՀԸԳՀ-ն լրացնող փաստաթուղթ է և ամբողջությամբ պետք է գործի հիմնական փաստաթղթին՝ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» համահունչ:

Ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների իրավական հիմքը դեռևս կազմում է նույնպես 1999 թ. ուժի մեջ մտած «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը»: 2018 թ. հուլիսին նախաստորագրվել և նույն թվականի սեպտեմբերի 28-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի կողմից հաստատվել է «Գործընկերության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը: Այժմ բանակցություններ են ընթանում «Համապարփակ գործընկերության համաձայնագրի» (ՀԳՀ) շուրջ, որը պետք է փոխարինի 1999 թ. ուժի մեջ մտած հիմնական փաստաթղթին

Նշված փաստաթղթերից որոշներում ուղղակի անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրին: Ստորագրված և քննարկման փուլում գտնվող փաստաթղթերում ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածների համեմատական վերլուծությունը ի ցույց է դնում այն հանգամանքը, որ Եվրամիությունը որպես կանոն հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում հիմնախնդրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների նկատմամբ՝ ընդգծելով Հելսինկիի եզրափակիչ ակտում սահմանված և ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում որպես հիմք ընդունված 3 սկզբունքների հավասարապես կարևոր լինելը:

Նշված երեք սկզբունքները՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ընկած են ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում ընդունված «Հիմնարար սկզբունքների» հիմքում: ԵՄ-ն վերոնշյալ փաստաթղթերի մի մասում իր հստակ աջակցությունն է հայտնել նաև հիմնախնդիրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ կարգավորելուն ուղղված ջանքերին:

Այժմ փորձենք ըստ առանձին փաստաթղթերի վերլուծել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տվյալ պայմանագրերում ԵՄ արտահայտած դիրքորոշումը:

1999 թ. ուժի մեջ մտած և երկու կողմերի հետ ստորագրված համաձայնագրերում ԼՂ հիմնախնդրին ուղղակիորեն վերաբերող հատված չկա: Փաստաթղթերում Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը (սուվերենությանը) և անկախությանը:

2017 թ. ՀՀ հետ ստորագրած «Ընդլայնված և համապարփակ համագործակցության մասին» համաձայնագրում արդեն ուղիղ անդրադարձ կա ԼՂ հիմնախնդրին, որտեղ մասնավորապես նշվում է. «Ընդունելով ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար ՀՀ հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը...»: Ինչպես տեսանք, նշված տեքստում ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում ընդունված ձևաչափին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդությամբ բանակցություններ, և 3 հիմնական սկզբունքներին:

Ադրբեջանի հետ նույնատիպ համաձայնագիրը (հարկ է նշել, որ ՀՀ հետ համաձայնագրում նշվում է «Ընդլայնված և համապարփակ», իսկ Ադրբեջանի հետ՝ միայն «Համապարփակ») դեռևս բանակցությունների և քննարկումների փուլում է: 2018 թ. հուլիսի 4-ին բանակցությունների վերաբերյալ Եվրոպական Խորհրդարանի ընդունած առաջարկության փաստաթղթում 2 կետ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Նշված կետերում ընդգծվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ 2009 թ. «Հիմնարար սկզբունքներին» համապատասխան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ:

Այս տեսանկյունից փոքր-ինչ տարբերվում է «Համագործակցության առաջնահերթությունների մասին» համաձայնագիրը: Այստեղ ԼՂ հիմնախնդրին անդրադարձ չկա: Ադրբեջանի հետ ստորագրված տարբերակում, սակայն, նշվում է, որ ԵՄ-ն հարգում և սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, երկրների միջազգային սահմանների անձեռնմխելիությանը:

Ինչպես արդեն նշել ենք, «Համագործակցության առաջնահերթությունների մասին» փաստաթուղթը սահմանում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ և առանձին երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Նշված քաղաքականության շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության հիմնական հարթակը «Արևելյան գործընկերությունն» է: 2017 թ. նոյեմբերի 24-ին ԱլԳ գագաթնաժողովում ստորագրված համատեղ հռչակագրում մասնավորապես նշվում է.

«Եվրոպական միությունը՝ իր հանձնառությանը հավատարիմ աջակցում է բոլոր գործընկերների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: ՄԱԿ-ի կանոնադրությամբ, 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտով և 1990 թ. ԵԱՀԿ Փարիզի  կանոնադրությամբ ամրագրված նպատակներին են սկզբունքներին լիարժեք հանձնառությունը, հարգանքն ու հավատարմությունը սկզբունքային են խաղաղ և միասնական Եվրոպայի մեր ընդհանուր տեսլականի համար»:

Ինչպես տեսանք, բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը աջակցելուն զուգահեռ ԵՄ-ն մեկ անգամ ևս ընդգծում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին իր հավատարմությունը, ինչը, ինչպես արդեն քանիցս նշել ենք, ենթադրում է նաև ԵՄ հավատարմությունը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին:

Այսպիսով, կարևոր է ընդգծել, որ չնայած Ադրբեջանը ԵՄ հետ ստորագրած համաձայնագրերում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին դրույթները պարբերաբար փորձում է ներկայացնել իբրև ԵՄ կողմից ԼՂ հիմնախնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը տրվող գերակայություն և այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման «իրավացիության ընդունում», այնուհանդերձ տարբեր փաստաթղթերի համեմատական վերլուծությունը փաստում է, որ առնվազն այս մակարդակում ԵՄ-ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արտահայտում է հավասարակշռված մոտեցում՝ իր աջակցությունը հայտնելով բանակցային գործընթացի հիմքում դրված բոլոր սկզբունքներին:

 

Աղբյուր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular