Հիմա բացառում ենք գումարով վարորդական իրավունք գնելու դեպքերը. կարգը էլ ավելի է խստանալու. ՃՈ պետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարորդական իրավունքի տրման կարգը ավելի է խստանալու. հարցաշարի հարցերն ավելի են շատանալու, 600 հարց է, մոտենալու է 1000-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Եգոր Կարապետյանը։
Դիտարկմանը, թե նախկին իշխանությունների օրոք դժվար չէր վարորդական իրավունք ձեռք բերել՝ առանց քննություն տալու, 100-120 հազար դրամ վճարելով, արդյոք առանց քննության տալու վարորդական իրավունք ստացածները կզրկվե՞ն վկայականներից, Կարապետյանը պատասխանեց. «Եթե նախկինում նման դեպքեր եղել են, ապա համապատասխան ծառայությունները զբաղվել են եւ համապատասխան մարդիկ պատասխանատվության են ենթարկվել, իսկ այդ մարդիկ էլ զրկվել են վարորդական իրավունքներից: Հիմա բացառում ենք գումարով վարորդական իրավունք գնելու դեպքերը»:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ «գոլդ» համարով մեքենաները նախկինում արտոնություն ունեին, երթեւեկության կանոնները խախտելու դեպքում պատասխանատվության չէին ենթարկվում, նա պատասխանեց. «ՃՈ համար թե՛ նախկինում, թե՛ ներկայում միեւնույնն է եղել, եւ եթե «գոլդ» համարանիշներով մեքենաները կատարել են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ, ուրեմն իրենք վարչական պատասխանատվության են ենթարկվել»:
ՃՈ պետն անդրադարձավ նաեւ խոսակցություններին, թե ՃՈ-ն լավ չի աշխատում, խախտումները աչքաթող են արվում. «Մենք շեշտը դրել են ավելի կոպիտ խախտումների վրա: Նախազգուշացումներ ենք անում, ավելի քան 28-30 հազար նախազգուշացում է ուղարկվել վարորդներին»: