«Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ որոշում կայացրեց մերժել «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։ Նա նշեց, որ իրենց վստահորդի հետ քննարկելուց հետո գործի հետ կապված մամլո ասուլիս կհրավիրեն։
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: