ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանր փորձություն նոր իշխանության համար. գազի և էլեկտրաէներգիայի թանկացման վտանգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 31–ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը, ինչը նշանակում է, որ Հայաստանը ռուսական կողմի, մասնավորապես Գազպրոմի հետ պետք է բանակցի նոր պայմանագրի շուրջ: Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ռուսական կողմը որոշել է գազի սակագինը բարձրացնել, ինչին ի պատասխան կառավարությունից հնչում են հայտարարություններ, որ գնի շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են: Նախքան այդ էլ հնչում էին հավաստիացումներ, որ գազի գնի բարձրացումը բացառված է, սակայն վերջին օրերին հնչող մտքերը, իսկ ավելի շուտ կառավարության կցկտուր պատասխանները ցույց են տալիս, որ բանակցություններում ինչ–որ խնդիր կա:

Ընդհանրապես գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցը բավական բազմաշերտ է այն իմաստով, որ նախկինում, երբ իշխանությունները ընդդիմության դերում էին, անընդհատ թմբկահարում էին այս հարցերը՝ նշելով, որ այս երկու ոլորտներում կան ահռելի չարաշահումներ, և դրանք վերացնելու դեպքում հնարավոր է սակագների էական նվազեցում: Սակայն արդեն իշխանության կարգավիճակում 8 ամսից ավելի աշխատանքը ցույց տվեց, որ կամ նման չարաշահումներ բացահայտվել են, բայց չկա դրանց ընթացք տալու քաղաքական կամք, կա՛մ էլ չեն բացահայտվել՝ կրկին կա՛մ կամքի, կա՛մ էլ պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով:

Խնդիրն, ընդ որում, հասկանալի պատճառներով ունի աշխարհաքաղաքական երանգ, որովհետև թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք ռուսական կազմակերպությունների կամ ռուսական միջավայրը ներկայացնող անձանց հետ: Երկու դեպքում էլ ստացվում է, որ Հայաստանի համար կենսական ոլորտներում կա ռուսական գերակայություն: Ու այս իմաստով դժվար է մեղադրել նոր իշխանություններին, որ այդ մենաշնորհի դեմ հնարավոր չէ պայքարել նույն այն մեթոդներով, որոնցով, օրինակ, պայքար է գնում երկրի ներսում այս կամ այն չարաշահումների դեմ:

Մյուս կողմից էլ հարկ է հասկանալ, որ ինչքան էլ նոր կարգավիճակից ելնելով ներկայիս իշխանությունները ստիպված են մոռացության մատնել նախկինում հնչեցված սուր, հաճախ իռացիոնալ գնահատականները, բայց խնդրի լուծման բեռը իրենց ուսերին է, ու դժվար է այն անվերջ բարդել նախորդ իշխանությունների վրա: Նախորդ իշխանությունների քաղաքականությունն այս հարցում աչքի չէր ընկնում ռուսական կողմի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու դրսևորումներով, ու հարցը տեղափոխվում էր առավելապես ներվերնախավային «խաթրի» մակարդակ: Մի դեպքում, օրինակ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գազպրոմյան կապերը, մեկ այլ դեպքում Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ սեփականատեր լինելու հանգամանքը դառնում էին գործոններ, որոնք այս կամ այն փուլում զսպում կամ էլ գոնե որոշ խավերի համար զեղչում էին գազի ու էլեկտրաէներգիայի գինը: Բնականաբար, այդ լավություններն արվում էին ոչ անվճար ու ունենում էին վարձատրություն քաղաքական կապիտալի տեսքով:

Լավության և խաթրի վրա կառուցված այս համակարգը մի կողմից թվում էր միակ իրատեսական, թեկուզև տնայնավարական մոտեցումը, որով կարելի էր մեղմել ռուսական գերակայությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում: Մյուս կողմից էլ գնալով նվազում ու անտեսանելի էր դառնում Հայաստանի և Ռուսաստանի, ռուսական պետական կորպորացիաների հետ արժանապատիվ հարաբերությունների կառուցման հեռանկարը:

Նոր իշխանություններին, ըստ էության, չի հաջողվում ո՛չ գտնել այդ արժանապատիվ հարաբերությունների կառուցման բանալին, ո՛չ էլ կա ցանկություն շարժվել հին, տնայնավարական մոտեցումներով: «Գազպրոմում», ինչպես նաև Հարավկովկասյան երկաթուղիներում հայ իրավապահների ստուգումները ընկալվում են բավական չոր, ու ինչքան էլ Փաշինյանը փորձի նմանատիպ հարցերի վերջնական կարգավորումը գտնել Պուտինի հետ առանձնազրույցների մակարդակով, այնուամենայնիվ, միշտ չէ, որ Պուտինի ձայնը վերջնական է: Կոնկրետ «Գազպրոմը» ռուսական քաղաքական վերին մակարդակում ունի ահռելի ազդեցություն, ու չնայած հիմնական ռազմավարությունը համաձայնեցնում ու ներդաշնակեցնում է Կրեմլի հետ, բայց ունի նաև շատ կոնկրետ սեփական շահերը: Հետևաբար, եթե աշխարհաքաղաքական այս կամ այն խնդրի շուրջ բացառապես Պուտինի հետ պայմանավորվելով՝ հնարավոր է ստանալ շոշափելի երաշխիքներ, ապա նույն ռուսական տնտեսական հսկաների դեպքում այդ միանշանակությունը չկա:

Ռուսական կողմը, ավելի շուտ ռուսական միջավայրի տարբեր խմբերը առանձին– առանձին ու նաև միասին իրացնում են իրենց քաղաքական ու տնտեսական շահերը: Օբյեկտիվորեն, իհարկե, այդ շահերի ծավալին համարժեք հակազդեցություն Հայաստանը չի կարող ցույց տալ: Մյուս կողմից էլ, սակայն, թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի դեպքում մենք գործ ունենք լայն սոցիալական խոցելիություն ունեցող խնդրի հետ: Իսկ սոցիալական լայն խոցելիության դեպքում արդեն հետաքրքիր չի լինելու, թե ինչու թանկացավ գազը, ինչ քայլերի կամ դրանց բացակայության հետևանքով: Այս իմաստով նոր իշխանություններն իսկապես ծանր փորձության առաջ են կանգնած: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular