ԱԻՆ-ի փրկարարը վրաերթի է ենթարկել 3-րդ դասարանցի տղային ու փախել դեպքի վայրից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱրարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Միհրան Հարությունյանի գործի դատական քննությունը:
34-ամյա Միհրանը 2015 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 18-ն անց 35-ի սահմաններում, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան, ընթացել է Արարատի մարզի Մխչյան-Նշավան ավտոճանապարհի՝ դեպի Բյուրավան գյուղ տանող խաչմերուկով և վրաերթի է ենթարկել 3-րդ դասարանցի տղայի՝ անչափահաս Նարեկ Գ.-ին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս, ապա վրաերթի ենթարկված երեխային թողել է ճանապարհին ու մեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Պետք է ասել, որ Միհրան Հարությունյանը 2001 թվականից աշխատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Էրեբունու բաժնի հրշեջ փրկարարական ջոկատում՝ որպես վարորդ:
Աշխատանքից դուրս, ստացվում է, փրկարարը, ինքն էլ անչափահաս երկու տղաների հայրը կարողացել է վրաերթի ենթարկել երեխային, թողնել նրան ճանապարհին ու, առանց մեքենան կանգնեցնելու… փախչել…
Ըստ մեղադրանքի՝ Միհրան Հարությունյանը մեքենան շահագործել է մեքենայի էլեկտրահամակարգում առաջացած խափանման պատճառով միայն ձախ կողմում մոտակա լույսի աշխատունակության պայմաններում: Դրա հետ մեկտեղ Հարությունյանը երթևեկել է թույլատրելի առավելագույն 18,8-21,2 կմ/ժ արագությունը գերազանցող՝ մոտ 60 կմ/ժ արագությամբ:
Միհրան Հարությունյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով և 244 հոդվածով: Գործի նախաքննության ընթացքում Հարությունյանի նկատմամբ 242 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:
Դատարանը գործը քննել է ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածով՝ վթարի վայրը թողնելու մեղադրանքով:
Ընդհանուր իրավասության դատարանում Միհրան Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննական ցուցմունքում Միհրան Հարությունյանը հայտնել է, որ դեպքի օրը իր մեքենայով միայնակ ընթացել է Մխչյան-Նշավան գյուղամիջյան ճանապարհի՝ Նշավան տանող ուղղությամբ: Մեքենան վարել է 60 կմ/ժ արագությամբ՝ մեքենայի առջևի ձախ մոտակա լույսը միացված վիճակում, քանի որ մնացած լույսերը խափանված լինելու պատճառով չեն վառվել:
Հասել է Բյուրավան գյուղ տանող խաչմերուկին: Հանդիպակաց ուղեմասի աջ հատվածի կանգառում կանգնած ավտոբուսի հետևից իր համար անսպասելի մի տղա երեխա վազքով ձախից դեպի աջ փորձել է հատել ճանապարհը: Ինքը չի հասցրել արգելակել կամ մանևրել և մեքենայի առջևի անվաթևով վրաերթի է ենթարկել երեխային: Ապա առանց մեքենան կանգնեցնելու հեռացել է դեպքի վայրից:
Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել է խոստովանական ցուցմունք:
Այնուհետև ճշտել է վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը, գտնվելու վայրը: Տեսակցել ու հաշտվել է նրա հետ: Զղջում է երեխային վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրը թողնելու համար, խնդրում է իր նկատմամբ մեղմ վարվել:
Անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, թե սովորում է 3-րդ դասարանում:
2015 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 18-ի սահմաններում ավարտելով ըմբշամարտի պարապմունքները, ավտոբուսով հարևան գյուղից տուն են վերադարձել եղբոր հետ: Իրենց գյուղի խաչմերուկի կանգառում իջել են ավտոբուսից: Սկզբում՝ եղբայրը, հետո ինքը վազելով հատել են ճանապարհը: Ավագ եղբայրը հասցրել է անցնել փողոցը, ինքը ճանապարհի միջնամասում ընկել է Մխչյան գյուղի կողմից ընթացող մի մեքենայի տակ ու կորցրել է գիտակցությունը: Գիտակցության է եկել հիվանդանոցում:
Երեխայի հայրը հայտնել է, որ որդիները սովորում են Բյուրավան գյուղի դպրոցում՝ 5-րդ և 3-րդ դասարաններում, իսկ Զովաշեն գյուղում հաճախում են ըմբշամարտի պարապմունքի:
Դեպքի օրը ժամը 16-ի սահմաններում երեխաները գնացել են ըմբշամարտի պարապմունքի: Ժամը 19-ի սահմաններում ավագ որդին մենակ վերադարձել է տուն և հայտնել է, որ մի մեքենա կրտսեր եղբորը վրաերթի է ենթարկել ու առանց կանգնելու հեռացել է: Համագյուղացի Գուրգենը Նարեկին անմիջապես մեքենա է նստեցրել ու տեղափոխել հիվանդանոց, որտեղից երեխային տեղափոխել են Երևան:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ անչափահաս Նարեկ Գ.-ի ստացած վնասվածքներն են՝ աջ զստոսկրի, աջ ցայլոսկրի, սրբոսկրի աջ կեսի կոտրվածքներ, աջ սրբոսկր-կոնքոսկրային համակցության պոկում, աջ զստագոտկային մկանների տարածուն սալջարդ, որովայնի սալջարդ, հետորովայնամզային տարածության տարածուն արյունահավաք, սիգմայաձև և ուղիղ աղիների արյունահավաք, ներքին արյունահոսություն, տրավմատիկ շոկ… Երեխայի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Ընդհանուր իրավասության դատարանը Միհրան Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածով և դատապարտել է 200 հազար դրամ տուգանքի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: