ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առջևում ձմեռ է. իսկ ի՞նչ անել ցրտահարության դեպքում

ՎԻԴԵՈ

Մենք գիտենք, որ...

Ցրտահարության դեպքում պետք է մարմնի ցրտահարված հատվածը շփել ձյունով, արագ տաքացնել այդ հատվածը վառարանի մոտ, միաժամանակ թունդ ալկոհոլային խմիչք օգտագործել:

Իրականում այդպես չէ:

Նշված երեք գործողություններն էլ ցրտահարության դեպքում արգելվում է կատարել: Ցրտահարությունը հյուսվածքների վնասումն է ցրտի ազդեցության հետևանքով։ 

Առավել հաճախ ցրտահարվում են ստորին, հազվադեպ՝ վերին վերջույթները, քիթը, թշերը, ականջախեցիները և այլն։ Երբեմն այն առաջանում է ոչ շատ ուժեղ սառնամանիքի (–3–ից մինչև –5օ C) ժամանակ և նույնիսկ 0– ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, որը սովորաբար պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության անկումով (արյան կորուստ, քաղց, հարբածություն և այլն)։ Նպաստող գործոններն են քամին, օդի բարձր խոնավությունը։ Ցրտի ազդեցությանն օրգանիզմը հակազդում է ծայրամասային արյան անոթների ռեֆլեկտոր կծկանքով, այսինքն՝ այդ հատվածում խանգարվում է արյան շրջանառությունը։ Հյուսվածքների փոփոխությունները կախված են ցրտի ազդեցության տևողությունից և ինտենսիվությունից։ Թեթև ցրտահարության դեպքում մարմնի ցրտահարված հատվածը սկզբում կարմրում է, ապա գունատվում, կորցնում զգացողությունը, առաջանում է ծակոցների և մղկտոցի զգացում։ Բարդ դեպքերում մաշկը խիստ գունատվում է, առաջանում են հեղուկով լցված բշտիկներ։ Ցրտահարված հատվածը տաքացնելուց հետո մաշկը կարմրում է և ուռչում, նկատվում են թեթևակի ցավեր: 

Պարզ է, որ ցրտահարության դեպքում առաջին օգնությունը պետք է ուղղված լինի արյան շրջանառության վերականգնմանը: Արգելվում է ցրտահարված հատվածը ձյունով շփել, քանի որ սովորաբար ցրտահարված հատվածի մաշկը նուրբ է լինում, և շփումը (մանավանդ, երբեմն ձյունը շատ կոշտ է լինում) բերում է արյունատար անոթների և մաշկի վնասվածքների և հետագայում ավելի ուշ լավացման: Արգելվում է նաև ցրտահարված հատվածը շատ արագ տաքացնել (տաք թրջոցներ, վառարանին կամ խարույկին մոտ պահել և այլն), քանի որ սա նպաստում է անոթներում թրոմբների առաջացմանը և ավելի է խորացնում հյուսվածքների վնասվածքի աստիճանը: Արգելվում է նաև թունդ ալկոհոլ օգտագործել, քանի որ չնայած ալկոհոլը լայնացնում է արյան անոթները, այս դեպքում ուղղակի առաջանում է տաքացած լինելու զգացողություն, բայց ցրտահարված հատվածը չի տաքանում:

Ցրտահարության դեպքում պետք է ընդամենը հեռանալ ցրտից, գնալ տաք տեղ: Արդեն այդտեղ կարելի է թեթևակի տրորել սպիրտով թրջված լաթով, եթե ցրտահարությունը խորն է, կարելի է ստերիլ վիրակապ դնել, կարելի է խմել տաք և քաղցր թեյ՝ կարելի է՝ քիչ քանակի ալկոհոլով:

Այն, որ ցրտահարվել կարելի է նաև դրական ջերմաստիճանի դեպքում, վատ նորություն պետք է լինի մեր պաշտոնյաների համար: Կարող է ստացվել այնպես, որ երևանյան ամառվա քառասուն աստիճանի ջերմության պայմաններում մեր նախարարությունների աշխատակիցները ցրտահարվեն, եթե, սովորության համաձայն, աշխատատեղում քնեն օդորակիչների ինտենսիվ աշխատանքի պայմաններում: Հետո էլ գնան և բողոքեն, որ ստացել են արտադրական վնասվածք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular