«Սլիվը» որպես ներիշխանական պայքարի գործիք
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին շրջանում հաճախակի են դարձել իշխանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ տեղեկատվական աղմուկի առիթները: Խոսքը ոչ թե իշխանության նկատմամբ քննադատության, այլ կոնկրետ գործիչների մասին սկանդալային տեղեկատվության, դրանց շուջ ստեղծվող աղմուկի մասին է: Բնականաբար, նման առիթներն իշխանության մրցակիցները օգտագործում են նաև իշխանության հանդեպ ընդհանուր քննադատության ֆոնը պահելու համար: Բայց ինքնին առիթները, դրանց առաջացումն ու դրանց շուրջ տեղեկատվական աղմուկի գոյացումն այլ էություն ունի: Ակնհայտ է, որ իշխանության ներսից պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր են տեղի ունենում, որոնց թիրախում ներիշխանական խնդիրներն են:
Հայաստանի համար սա նոր երևույթ չէ: Նախկինում ընդունված էր, որ հանրապետականները արտաքուստ միմյանց հանդեպ թիմային սոլիդարությունը պահելով՝ կոնֆլիկտային պահերին իրար դեմ ինֆորմացիոն արտահոսքեր էին կազմակերպում: Առայժմ ոչ նույն տեմպերով, բայց այդ ինֆորմացիոն հոսքերը կրկին դարձել են մոդայիկ: Ընդ որում, խոսքն այն մասին չէ, որ տեղեկատվական աղմուկի համար իրական, ոչ արհեստածին առիթներ չեն լինում, բնականաբար, լինում են: Մեծամասամբ կապված նոր իշխանության ներկայացուցիչներից շատերի անփորձության հետ՝ այդպիսի առիթներ ստեղծվում են ինքզինքն: Սակայն սրան զուգահեռ չենք կարող չնկատել կազմակերպված, արհեստածին տեղեկատվական առիթները:
Սակայն մեր խնդիրը ոչ թե այդ կոնկրետ առիթները քննարկելն է, այլ հասկանալը, թե որտեղից է գալիս դրանց դրսևորման պատճառը: Մանավանդ, երբ աչքի առաջ ունենք նախորդ իշխանությունների ներքին կոնֆլիկտներին զուգահեռ դրսևորվող արտահոսքերի ահռելի փորձը, ու նոր Հայաստանում այդ փորձի վերածնունդը ցանկալի չէր լինի տեսնել: Մեծ հաշվով, տեղեկատվական արտահոսքերի բովանդակությունն այդքան կարևոր չէ, որքան այն ազդակները, որոնք հաղորդվում են դրանց միջոցով: Իսկ ազդակ են դրանք ներիշխանական ակնհայտ խմորումների:
Խմորումները, ընդ որում, պայմանավորված են առավելապես հեղափոխության ստեղծած իրավիճակով: Իշխանությունը փոխվել է ոչ թե ընտրություններով, այլ հրապարակի ճնշմամբ, իշխանության եկել է մարդկանց խումբ, որտեղ բացի առաջնորդից, մնացյալ ազդեցության գոտիները բաժանված են առանց հստակ մեխանիզմների: Ավելին, իշխանության եկած խմբում ակնհայտորեն չկա մոնոլիտություն, ընդհակառակը՝ կազմը բավական էկլեկտիկ է, հետևաբար հետհեղափոխական տրամաբանության մեջ ամբողջովին տեղավորվում է ազդեցությունների համար պայքարը:
Մյուս կողմից, իհարկե, որքան էլ տեղի ունեցողը հասկանալի լինի, ակնհայտորեն ընդունելի չէ դրա դրսևորման ձևը: Խոսքն այն մասին չէ, որ տեղի ունեցողը առնվազն տհաճ է աչքի համար: Խոսքն այն մասին է, որ բնական համարվող, հասկանալի գործընթացները ընթանում են հին քաղաքական մշակույթի ոգուն հարիր, հին համակարգում ընդունված գործիքներով, օրինակ, տեղեկատվական արտահոսքերով: Այնինչ նոր Հայաստանը ենթադրում է նոր մշակույթի ու գործիքների ներմուծում:
Ցանկացած ներկուսակցական կոնֆլիկտ կարող է կամ վերածվել ներքին պառակտման, կամ ներքին մրցակցության ու առողջացման: Եվ գործիքների ընտրությունը այս երկընտրանքում որոշիչ է: Հետևաբար խնդիրը ոչ թե այն է, թե ինչու իշխանության միջանցքներում կան հակադրություններ, այլ թե ինչպես են դրանք դրսևորվում:
Հենց այստեղ է, որ անելիք ունի Նիկոլ Փաշինյանը. կամ իշխող կուսակցության, ընդհանրապես իշխանության ներքին հարաբերությունների կարգավորման համար ներմուծել նոր մշակույթ, որտեղ հակադրությունը կվերածվի մրցակցության, կամ էլ կրկնել նախորդների սխալը և ստանձնել արբիտրի դերակատարում՝ ամեն հերթական կոնֆլիկտի դեպքում սկզբից հետևելով, իսկ սրացման դեպքում կոմպրոմիսի բերելով կողմերին, ինչն, իհարկե, կավելացնի Փաշինյանի անձնական քաղաքական կշիռը, բայց կթուլացնի այն թիմի կշիռը, որն ինքը գլխավորում է:
Նոր քաղաքական ու կուսակցական մշակույթի ներմուծումը, օրինակ, ընտրություններին ընդառաջ ներկուսակցական դեբատների տեսքով, միակ ճանապարհն է նախորդների թողած ժառանգությունից չօգտվելու համար: Այդ մշակույթի ներմուծումը ենթադրում է մաքսիմալ ազնվություն ինքդ քո ու հասարակության հանդեպ, երբ ոչ թե փորձում ես թաքցնել ներքին լվացքը, ստեղծել բացարձակ բարիդրացիականության ֆոն, որն ակնհայտորեն պղտորվում է ու մատնում իր կեղծ լինելը տեղեկատվական արտահոսքերով, այլ չխուսանավել ներքին կոնֆլիկտներից՝ ստեղծելով գործիքներ դրանք առողջ մրցակցության դաշտ բերելու և նոր որակի կուսակցական–քաղաքական հարաբերությունների նշաձող սահմանելու համար:
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան