ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլթոնի այցը տարածաշրջան. հստակեցվում են խաղի կանոնները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան: Թեպետ այս փուլում այցն իր բնույթով ավելի շատ ճանաչողական էր, ինչի մասին ԱՄՆ պաշտոնյան բազմիցս նշեց իր ելույթներում, Թրամփի վարչակազմի կողմից նման մակարդակով այց նախաձեռնելու փաստը խոսում է տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունն ակտիվացնելու ԱՄՆ մտադրության մասին: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ մինչ Թրամփի խորհրդական նշանակվելը, Ջոն Բոլթոնը նախկինում ևս իր հոդվածներում և ելույթներում բարձրաձայնել է տարածաշրջանի հանդեպ ԱՄՆ ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին:

Ստորև անդրադառնանք ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի՝ երեք երկրներ այցերին՝ յուրաքանչյուրի դեպքում առանձնացնելով հիմնական շեշտադրումները:

Ադրբեջան

Ադրբեջանում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի, ինչպես նաև Ադրբեջանի պետական նավթային միության՝ SOCAR-ի ղեկավարին: Հետաքրքրական է, որ, ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, Ադրբեջանում Բոլթոնը հանդիպում չունեցավ երկրի ՊՆ նախարարի հետ: Բացի այդ Հայաստանում ԱՄՆ պաշտոնյան հանդիպեց անվտանգության խորհրդի քարտուղարին, իսկ Վրաստանում՝ ներքին գործերի նախարարին, մինչդեռ Ադրբեջանում այդ ձևաչափերով հանդիպումներ ևս տեղի չունեցան: Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանում հանդիպումների հիմնական շեշտադրումները վերաբերում էին էներգետիկ ոլորտի համագործակցությանը՝ ընդգծելով հարաբերությունների ռազմավարական լինելու փաստը: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, ԱՄՆ նախագահի խորհրդականը  հիմնականում շեշտադրեց հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն կարևորելով ավելի լայն՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հարցերի համատեքստում:

Բավական հետաքրքրական է համեմատել Ադրբեջանում և Հայաստանում Իրանի վերաբերյալ արված հայտարարությունները: Մասնավորապես, եթե Ադրբեջանում քննարկվել է «Թեհրանի գործողությունները զսպելուն ուղղված քայլերը», ապա Հայաստանում այս մասով նման ձևակերպումներ չկան, փոխարենը շեշտվում է հարցի վերաբերյալ հետագա երկխոսության կարևորությունը: Սա, թերևս, փաստում է այն մասին, որ ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, Հայաստանի իշխանություններն այս առումով ԱՄՆ-ին են ներկայացրել իրենց վերապահումները:

Հայաստան

Հայաստան այցի շրջանակներում ԱՄՆ պաշտոնյան հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների պաշտոնակատարների, ՀՀ Ազգային անվտանգության հարցերով քարտուղարի հետ: ՀՀ այցի շրջանակներում շեշտադրվեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացները, որի համատեքստում ԱՄՆ-ը հայտնեց իր լիարժեք աջակցությունը ՀՀ իշխանություններին՝  Հայաստանի հետ հարաբերությունները գնահատելով որպես «առաջնային գերակայություն»: Այս համատեքստում բարձրաձայնվեց երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու, բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու  անհրաժեշտությունը:  Փոխշահավետ համագործակցության տեսանկյունից քննարկվեցին ուղղակի ամերիկյան ներդրումներն ավելացնելու հեռանկարները:

Ինչ վերաբերում է մեզ համար գերակա հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, ապա Ջ. Բոլթոնը հայտնեց ԱՄՆ պատրաստակամությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ակտիվ ներգրավվածություն ունենալ կարգավորման գործընթացում:

Վրաստան

Վրաստանում Ջոն Բոլթոնը հանդիպել է երկրի վարչապետին, արտաքին, ներքին, ինչպես նաև պաշտպանության նախարարներին: Ինչպես Հայաստանում, Վրաստանում ևս ԱՄՆ պաշտոնյան շեշտել է ժողովրդավարական գործընթացների շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Վրաստանում հոկտեմբերի 28-ին նախատեսվող նախագահական ընտրությունները: ԱՄՆ պաշտոնյան Վրաստանը  որակել է պետություն, որի հետ ԱՄՆ-ն ունի «ռազմավարական բարձր կարևորության շահեր»: Բոլթոնի կողմից համագործակցության հիմնական ուղղություններ են դիտարկվել պաշտպանական, անվտանգային և տնտեսական ոլորտները: Անդրադառնալով Վրաստանի՝ ՆԱՏՕ հնարավոր անդամակցությանը՝ Բոլթոնը նշել է, որ այս հարցում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել և ինչպես նախկինում, նրանք սպասում են «հարմար ժամանակի»:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ այս փուլում ԱՄՆ պաշտոնյայի այցը տարածաշրջան նպատակ էր հետապնդում հստակեցնելու «խաղի կանոնները». ծանոթանալու տարածաշրջանում ԱՄՆ համար գերակա համարվող հարցերի շուրջ տարածաշրջանի երկրների տեսակետներին, ինչպես նաև ներկայացնելու այդ հարցում ԱՄՆ ունեցած դիրքորոշումները: Հաշվի առնելով ԱՄՆ ներկայիս վարչակարգի տարբեր հարցերի շուրջ, օրինակ Իրանի հետ հարաբերություններ, որդեգրած ավելի կոշտ դիրքորոշումներ, առավել քան տրամաբանական էր, որ ԱՄՆ-ն այդ հարցերի շուրջ տարածաշրջանի երկներից  ունենալու է ավելի բարձր ակնկալիքներ: Տրամաբանական է նաև այն, որ մեկ այցը բավարար չի կարող լինել «խաղի կանոններն» ամբողջությամբ հստակեցնելու համար: Պատահական չէ, որ օրինակ, Հայաստանի պարագայում  ԱՄՆ պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը խնդրահարույց հարցերի շուրջ (Իրանի պարագայում Բոլթոնն ինքն է փաստում, որ Հայաստանի և ԱՄՆ միջև հետագա երկխոսությունը շատ կարևոր է լինելու): Ուստի, այս գործընթացը պետք է համարել շարունակական և  հետագայում ևս անհրաժեշտ է լինելու հետևողական երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ՝ հստակեցնելու միմյանց համար խնդրահարույց հարցերը:

Լիանա Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular