ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխատեսելիության դեֆիցիտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը նշեց, որ կան շատ մարդիկ, ովքեր պատրաստ չեն թողնել մասնավոր սեկտորն ու բարձր աշխատավարձը և տեղափոխվել պետական սեկտոր ավելի ցածր աշխատավարձով: Բնականաբար, տրամաբանական է, որ բարձր աշխատավարձը նախընտրելի է ցածրից: Բայց այս տրամաբանությունը գործում է ամբողջ աշխարհում, նույնիսկ ամենահարուստ երկրներում, որտեղ նույնպես մասնավոր սեկտորում աշխատավարձերն ավելի բարձր են, քան պետականում: Խնդիրը ոչ միայն աշխատավարձի չափն է, այլև մոտիվացիան և կանխատեսելիությունը: Հենց այս երկու բաղադրիչներն են, որ պետական ապարատում աշխատանքը, թեկուզև ավելի փոքր աշխատավարձով, նախընտրելի է մասնավոր սեկտորում աշխատանքից: 

Հայաստանում, ցավոք, քաղաքական համակարգն ու դրա կարևորագույն առանցք կազմող պետական ապարատը ժամանակի հետ չեն դարձել այդ երկու մոտիվացիոն բաղադրիչները սնուցող օղակներ: Մոտիվացիոն իմաստով լավ չի աշխատել սոցիալական սանդղակը, ըստ որի, մասնագիտական որակների հաշվին այս կամ այն կադրը հնարավորություն չի ունեցել իր ուժերի ու մասնագիտական հմտությունների հաշվին աճել: Միաժամանակ քաղաքական անկանխատեսելիությունը բերել է պետական համակարգում աշխատանքի անկանխատեսելիությանը, երբ կապված համակարգի փոփոխության հետ՝ միջին և ցածր օղակների աշխատողները նույնիսկ հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:

Ցավոք, այս առումով անկանխատեսելիության գործոնը բարձր է ոչ միայն պետական սեկտորում, այլև մասնավորում, թեկուզև ոչ այդքան բարձր չափաբաժնով: Ի վերջո, կանխատեսելի համակարգերը, լինեն դրանք մասնավոր, թե պետական սեկտորում, ամրապնդվում են քաղաքական կանխատեսել իության հաշվին, որից մենք հեռու ենք եղել թե՛ նախկինում, թե՛ հիմա: Սա միգուցե առաջին հայացքից, այսպես ասած, տեսական խնդիր կարող է թվալ, բայց իրականում գործնական նշանակություն ունեցող ու բազմաթիվ ոլորտներ ներառող խնդիր է, ու կանխատեսելիության միտում ունեցող քաղաքական մշակույթը այս խնդրի լուծման առաջնային բանալիներից մեկն է: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular