ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավադրության տեսություններից մինչև «թողեք աշխատենք». ինչի՞ մասին էր Փաշինյանի ելույթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն էականորեն տարբերվում էր այդ ամբիոնում որպես վարչապետ նրա նախորդ ելույթներից: Տարբերությունն առավել պատկերավոր կարելի է բացատրել «կա քարեր հավաքելու և քարեր նետելու ժամանակը» տրամաբանությամբ: Պարզապես, եթե նախկինում Փաշինյանը առավելապես նետողի դիրքում էր, ապա այժմ ակնհայտ էր, որ նա հավաքում էր: Սուր, կտրուկ և կոշտ հռետորաբանությունը դրսևորվում էր առավելապես տոնայնության մակարդակում, բովանդակային առումով ելույթն առավելապես ուներ մեկ ուղղություն՝ քաղաքական նյարդային վիճակը թոթափել ու կայունացնել քաղաքական դաշտը: 

Ընդ որում, նյարդային վիճակի թոթափման կոչ Փաշինյանն անում էր ոչ միայն պայմանական «սևերին ու հակահեղափոխականներին», այլև «սպիտակներին ու հեղափոխականներին»: Հանրապետականներին ուղղված կոչն առ այն, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելով նրանք առավել մեծ շանսեր ունեն անցողիկ շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու, հենց այս նյարդային վիճակի թոթափմանն ուղղված քայլ էր: Մեծ հաշվով, Փաշինյանին, իհարկե չպետք է հետաքրքրեր՝ ՀՀԿ–ն կհայտնվի խորհրդարանում, թե ոչ: Բայց շահագրգռելով նրանց նոր Ընտրական օրենսգրքով՝ Փաշինյանն ի ցույց է դնում իր հոգնածությունն այժմ առկա քաղաքական իրավիճակից: 

Ելույթն, ըստ էության, կարելի է բաժանել երեք մասի: Առաջին մասում Փաշինյանը հերթականությամբ «բացահայտում էր» նախորդող ամիսներին տեղի ունեցած տարբեր դավադրության տեսությունները՝ վերագրելով դրանք նախորդ իշխանություններին: Ընդ որում, խոսքը ոչ միայն, այսպես ասած, նախորդ իշխանության կարկառուն դեմքերի ու նրանց կողմից արված այս կամ այն քայլերի մասին էր. խոսքը վերաբերում էր նույնիսկ Սևանի հարկային տեսուչներին, որոնք նախօրեին կաշառքի ստացման պահին ձերբակալվել էին: Նախորդ համակարգի դրսևորումները քաղաքական ավելի կարևոր հարթակներում, հին համակարգին բնորոշ դրսևորումներն ավելի փոքր մակարդակներում Փաշինյանը համարում է դավադրություն ընդդեմ հեղափոխության, հրաժարվում է հասկանալ դրանց առկայության իմաստը: Ակնհայտ է, որ ելույթի ընթացքում Փաշինյանն անկեղծորեն զարմանում է, թե ինչպես է ստացվել, որ հեղափոխությունն ընկալել են ոչ բոլորը: Այս զարմանքի պատճառը, թերևս, այն թյուրընկալումն է, որ նախ հնարավոր էր միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով հասնել ինչ–որ երանելի հանգրվանի, որից հետո համակարգը կսկսեր ինքնստինքյան փոխվել: Երկրորդ, ևս մեկ թյուրըմբռնում առ այն, որ հեղափոխությունը բացառապես բարոյական և գեղագիտական զարթոնք է, ու այդ զարթոնքից անմասն մնալ չի կարող ոչ ոք: Ցավոք, վերջին թյուրըմբռնումը շարունակում է գերակա մնալ մինչ օրս, ու հեղափոխությունը շարունակվում է մեկնաբանվել արժեքային դաշտում, իսկ հեղափոխության կապիտալիզացիան առավել պրակտիկ գործիքներով, կոնկրետ ոլորտային ռեֆորմներով ուշանում է:

Ելույթի երկրորդ, ըստ էության, ամենամեծ ու առանցքային մասը վերաբերում էր կապանյան ընտրություններին: Փաշինյանն այդ ընտրությունների փաստը առանցքային է համարում, քանի որ, ըստ նրա, ՔՊ թեկնածուի պարտությունն ու տեղական տնտեսական ու, իր ձևակերպմամբ, քրեական էլիտայի հին մեթոդներով հաղթանակը ՀՀԿ–ին հույսեր է տվել, որ ռեյտինգային ընտրակարգով հնարավոր է ռևանշի հասնել առաջիկա ընտրություններում: Այս մոտեցումը հակասության մեջ է Փաշինյանի մեկ այլ մոտեցման հետ, ըստ որի, անկախ օրենսգրքից, նրանք ամեն դեպքում հաղթելու են ընտրություններում ու որևէ ռևանշ լինել չի կարող: Սակայն առավել մտահոգիչ է մեկ այլ հանգամանք՝ կապված ելույթի սյունիքյան հատվածի հետ: «Փաստ» օրաթերթի հոկտեմբերի 23–ի համարում արդեն առիթ եմ ունեցել նշել, որ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու և Կապանում ՔՊ թեկնածուի պարտության պատճառները նույնն են: Սյունիքում կա որոշակի տնտեսական ինքաբավություն՝ կապված տեղում առկա խոշոր հանքարդյունաբերական գործարանների հետ, ինչն ակնհայտորեն թուլացնում է մարզում տեղական իշխանության քաղաքական լծակների գործոնը: Փաշինյանը իր ելույթում նույնպես նշեց, որ հենց այդ ինքնաբավության, դրա հետևում կանգնած տեղական վերնախավի հանդեպ պետական իշխանությունն ուժեղացնելու համար է նշանակվել Հունան Պողոսյանը: 

Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ստացվում է, որ Պողոսյանը նշանակվել է, որպեսզի տնտեսական վերնախավից քաղաքացիների կախվածությունը փոխարինվի մարզային ու երևանյան իշխանություններից կախվածությամբ, այնինչ իշխանության գերխնդիրը պետք է լինի ոչ թե բիզնեսն ու իշխանությունը իրար հակադրելն ու քաղաքացուն այդ հակադրության մեջ գցելը, այլ համադրելի միջավայր ստեղծելը, որտեղ քաղաքացին կաշկանդված չի լինի ո՛չ վարչական, ո՛չ տնտեսական լծակներով:

Ելույթի վերջին հատվածում էլ Փաշինյանը կոչ արեց տարբեր գյուղերում ու քաղաքներում համայնքապետերի հրաժարականը պահանջող մարդկանց թուլացնել ու թոթափել նյարդային իրավիճակը, անցնել պայքարի ավելի կառուցողական, ոչ փողոցային մեթոդների, իսկ ավելի կոնկրետ՝ հավաքել ստորագրություններ ու ուղարկել դրանք կառավարություն: Իհարկե, բավականին հակասական է դիտվում, երբ փողոցային պայքարով հեղափոխություն իրականացրած Փաշինյանը նման կոչ է անում: Բայց միևնույն ժամանակ այս կոչը բավական օրինաչափ է ու ըստ էության իր մեջ ամփոփում է ելույթի ողջ բովանդակությունը, այն է՝ փողոցային, նյարդային քաղաքական վիճակից տեղափոխվել դեպի առավել կառուցողական, համակարգային հուն: Ըստ էության, այս կոչը արվեց բոլորին ու իր բովանդակությամբ առավելապես կրկնում էր նախկինում մոդայիկ՝ «թողեք աշխատենք» տրամաբանությունը:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular