Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը խորացված ուսուցման ֆրանսերեն 35 դասագիրք նվիրաբերեց Միսակ Մանուշյանի անվան դպրոցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի դպրոցներում ֆրանսերեն լեզվի դասավանդման մակարդակը բարելավելու նպատակով Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսի գրասենյակը Երևանի Միսակ Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցին նվիրաբերեց ֆրանսերեն դասագրքեր 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքերը 35-ն են, մեկ դասարանի թվաքանակով սույն ուսումնական տարվա համար:
Դպրոցի սաներն՝ ի նշան երախտագիտության, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի պատվիրակության համար կազմակերպել էին միջոցառում: Ներկա էր նաև պատվիրակության ղեկավար Պեգգի Ֆրանտզենը:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանն ընդգծեց, որ տպավորված է աշակերտների ֆրանսերենի լավ իմացությամբ:
«Ֆրանսերենի լավ իմացությունը ձեզ ավելի մրցունակ կդարձնի ցանկացած ոլորտում»,- դիմելով աշակերտներին՝ ասաց Զոհրաբյանը:
Պեգգի Ֆրանտզենն իր գոհունակությունը հայտնեց Սուրեն Զոհրաբյանի կատարած աշխատանքի վերաբերյալ, որ նա անում է Հայաստանում Լյուքսեմբուրգի համար:
«Ես եկել եմ Լյուքսեմբուրգից, որպեսզի մասնակցեմ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Լինելով փոքր երկիր՝ մենք միշտ ջատագով ենք եղել ցանկացած բացահայտման, նոր միջազգային կազմակերպության ստեղծման համար և ցանկանում ենք մեր դերն ունենալ այդ գործում: Շնորհավորում եմ Հայաստանին, որ միացել է Ֆրանկոֆոնիայի կազմակերպությանը»,- ընդգծեց Ֆրանտզենը:
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դպրոցում խորացված ֆրանսերենի ուսուցում եղել է դեռևս 1960-ական թվականներից, սակայն 1990-ականներին դադարեցվել է:
«2012 թվականից կրկին վերսկսել ենք դասերը: Այս տարիների ընթացքում երեխաների հետաքրքրվածությունը լեզվի նկատմամբ ավելի է մեծացել: Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը մեր դպրոցին այսօր նվիրաբերեց մոտ 35 գիրք, որոնք նախատեսված են հենց ֆրանսերենի խորացված ուսուցման համար և բերվում են Ֆրանսիայից»,- Արիստակեսյանը: