Ահասարսուռ դեպք Կապանում. կինը կացնով ու մուրճով սպանել է ամուսնուն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հազավարդ Ա.-ի գործով բերված բողոքի քննությունը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:
64-ամյա Հազավարդին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Հազավարդը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ 2015 թվականի նոյեմբերի 29-ին Կապան քաղաքում գտնվող իրենց տանը՝ խոհանոցի բազմոցին պառկած ամուսնուն սպանելու դիտավորությամբ փայտ կտրտելու կացնով ու մուրճով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու գլխի շրջանին՝ այտաճակատագագաթաքունքային շրջանում պատճառելով ջնջխված ու ներհրված մարմնական վնասվածքներ և դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:
Գործի քննությամբ պարզվել է, որ Հազավարդ Ա.-ն հոգեբուժական դիսպանսերում հաշվառված է եղել դեռ 1978 թվականի փետրվարի 9-ից՝ «Շիզոֆրենիա, անընդհատ ընթացող պարանոիդ ձև: Էմոցիոնալ-կամային դեֆեկտ» ախտորոշմամբ:
Դեռ 2015 թվականի հուլիսի 10-ին՝ սպանությունից ամիսներ առաջ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հազավարդ Ա.-ին ճանաչել է անգործունակ: Եվ Հազավարդը բնակվել է տանը՝ ամուսնու՝ այս գործով տուժողի խնամակալության տակ…
Գործի քննության ընթացքում՝ 2016 թվականի հունվարի 15-ին, քննչական տարածքային վարչությունում ստացվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Հազավարդ Ա.-ն ճանաչվել է անմեղսունակ:
Հետևաբար, նա այս գործով դատարանում ուներ ոչ թե ամբաստանյալի, այլ՝ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի կարգավիճակ:
Դատարանը քննել է Հազավարդ Ա.-ի նկատմամբ բժշկական հարկադրանքի միջոց կիրառելու՝ նրա անմեղսունակության փաստը հաստատելու, ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, որպես անվտանգության միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու հարցերը:
Դատական քննության ժամանակ ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ից գրություն, ըստ որի՝ առողջական վիճակի բերումով՝ Հազավարդ Ա.-ին դատական նիստի ներկայացնելը նպատակահարմար չէ…
Տուժողի իրավահաջորդի՝ սպանված Ռադիկ Հ.-ի և Հազավարդ Ա.-ի դստեր վկայությամբ՝ մայրը վաղուց է տառապել հոգեկան հիվանդությամբ: Նրա խնամքով զբաղվել է հայրը: Մայրն ունեցել է հիվանդության նոպաներ, ու հայրը վախեցել է, այդ պատճառով նա քնել է առանձին սենյակում:
2015 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 14-ի սահմաններում տուժողի իրավահաջորդի ամուսինը զոքանչին՝ Հազավարդին տեսել է բանավանի փողոցում: Մոտեցել ու հարցրել է, թե ո՞ւր է գնում: Հազավարդը հայտնել է, որ ամուսինը՝ Ռադիկը, մահացել է:
Փեսան զոքանչին նստեցրել է մեքենա, գնացել է տուն, վերցրել է կնոջը, գնացել են Հազավարդի տուն, որտեղ՝ խոհանոցի բազմոցին տեսել են սպանված Ռադիկ Հ.-ին՝ գլխի ու դեմքի շրջանների բազմաթիվ վնասվածքներով: Խոհանոցի պատերին, հատակին, նույնիսկ առաստաղին արյան հետքեր էին…
Հարևանները վկայել են, որ տուժող Ռադիկ Հ.-ն երբեմն խոսակցությունների ժամանակ ասել է, թե վախենում է կնոջից…
Տուժողի թոռը վկայել է, որ տատը, հիվանդությամբ պայմանավորված, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, ատելություն է տածել պապիկի հանդեպ:
Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ, որով Հազավարդ Ա.-ն ճանաչվել է անմեղսունակ, արձանագրվել է նաև, որ նա բարձր սոցիալական վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, ուստի կարիք ունի հարկադրական բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կենդանության օրոք տուժող Ռադիկ Հ.-ն եղել է… պրակտիկապես առողջ…
Մանրամասն՝ 1in.am