Փաշինյանը Վրաստանի հետ քննարկում է հացի գնի վրա արհեստական ազդեցությունը բացառելու հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ քննարկում է Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը արգելելուց հետո Հայաստանում հացի գնի վրա արհեստական ազդեցությունը բացառելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ին այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետը:
«Վրաստանի վարչապետը շատ գործնական ու կոնկրետ մարդ է: Համոզված եմ, որ կգտնենք այնպիսի լուծում, որը հացի գնի վրա արհեստական ազդեցություն չի ունենա: Մենք, ըստ էության, այդ պայմանավորվածությունն արդեն ունենք: Ես համոզված եմ, որ Վրաստանի կառավարության հետ համագործակցությամբ մենք լուծումների կգանք»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին՝ իրենց պայմանավորվածությունները 100%-անոց ճշգրտությամբ պահպանելու համար: