Մհեր Պոլոսկով. Բնակավայրերից հեռու նոր պոչամբար կառուցելու համար ԶՊՄԿ-ն մեծածավալ ներդրումներ է իրականացնելու. «Առավոտ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում են փակել Արծվանիկի պոչամբարը: «Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը, իր ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն, մինչև Արծվանիկի պոչամբարի շահագործման դադարեցումը, դեռ ունի բավականաչափ ժամանակ նոր նախագիծ մշակելու և այն հաստատման ներկայացնելու համար, հաշվի առնելով մեր շահառուների որոշակի անհանգստությունները, ինչպես նաև այն, որ պրոդուկտիվ աշխատանքի շնորհիվ արդեն իսկ հաջողվել է գտնել ալտերնատիվ լուծում, մենք մտադրված ենք կառավարության և շահագրգիռ հանրության հետ երկխոսության միջոցով հնարավորինս շուտ լուծել խնդիրը՝ փակելով Արծվանիկի պոչամբարը նախատեսվածից վաղ փուլում»,-ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։
Նա նշել է, որ Արծվանիկի պոչամբարը նախագծվել և շահագործման է հանձնվել դեռևս խորհրդային տարիներին։ «Բնական է, որ այն ժամանակներից շատ բան է փոխվել թե´ բնապահպանական ու անվտանգության չափանիշների, և թե´ տեխնոլոգիաների աոումով: Պետք է նշել, որ նոր պոչամբարի նախագիծը նախատեսվում է մշակել՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը, բնապահպանական և անվտանգության բարձր ստանդարտները: Այդ ճանապարհին կատարված առաջին քայլը ընկերության հանձնարարությամբ ոլորտի միջազգային առաջատարներից մեկը հանդիսացող բրիտանական «SRK Consulting» ընկերության կողմից նախնական հետազոտությունների իրականացումը և առաջարկությունների ներկայացումն էր»,-ասել է Պոլոսկովը: