ԱՊՀ երկրների փոխվարչապետերն այցելել են ՎԴՆԽ-ի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանած Համագործակցության երկրների փոխվարչապետերը այցելել են Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է հայկական արտադրության և Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին: Բարձրաստիճան հյուրերին ներկայացվել է նաև տաղավարի զարգացման հայեցակարգը:
ԱՊՀ երկրների փոխվարչապետերի պատվիրակությանը ուղեկցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում Հայաստանի առևտրացուցահանդեսային կենտրոնն աշխատում է 2004 թվականից: Այնտեղ անցկացվում են թեմատիկ միջոցառումներ՝ կապված նշանակալի իրադարձությունների, հայկական տոների հետ: Ինչպես նաև պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնց շրջանակում ներկայացվում է Հայաստանի տնտեսությունը, մշակույթը, պատմությունը: