ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երաժշտության նկատմամբ սերն օրեցօր մեծանում է. Մերի Խոջայանի «Նորամուտը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ նա բացում է իր ջութակի տուփը, առաջինը, որ նկատում ես, երկու մարդկանց դիմապատկերներն են՝ երաժշտի սիրելի ուսուցիչներ Էդուարդ Թադևոսյանի և Բորիս Բելկինի լուսանկարները: Բազում միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահարուհի Մերի Խոջայանը փաստում է՝ երկուսն էլ կարևոր դեր են ունեցել իր կայացման գործում: «Արմենպրես»-ի հեղինակային նախագծի հերոսը հիմնականում բնակվում է Նիդերլանդներում, այնտեղ ունի իր սեփական երաժշտական ինստիտուտը: Հայաստանում սեպտեմբերի 13-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հանդես է գալու «Հայ-ճապոնական երաժշտության երեկո» խորագրով երեկոյին ընկերների՝ սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանիև դաշնակահար Անահիտ Դիլբարյանի հետ: Ներկայացնում ենք Մերի Խոջայանի «Նորամուտ»-ը:

Ջութակ նվագելուց մինչև սեփական ինստիտուտի ստեղծումը

Ինչ-որ յուրահատուկ պատմություն չկա այն մասին, թե ինչպես սկսեցի ջութակ նվագել: Սակայն պետք է նշեմ, որ ջութակի և երաժշտության հանդեպ սերս օրեցօր մեծանում է: 6 տարեկանում սկսեցի ջութակ նվագել, 7 տարեկանում սկսեցի հաճախել երաժշտական դպրոց: 2007 թ. ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիա, իսկ 2010-2015 թթ. Մաաստրիխտի (Նիդերլանդներ) երաժշտական ակադեմիայում եմ սովորել:

Նիդերլանդներ էի մեկնել կատարելագործվելու, շատ երիտասարդ էի՝ 19 տարեկան: Իհարկե, սկզբում դժվարություններ կային, բայց ինձ թվում է, ես ամեն ինչ հեշտ հաղթահարեցի:

Նիդերլանդներում ունեմ Ջութակի և դաշնամուրի ինստիտուտ (Violin and Piano Institute), որն ունի երեք բաժին՝ գիտահետազոտական, կատարողական և ուսումնական:

2015 թվականից սկսած նվագում եմ կամերային երաժշտություն, հիմնականում՝ զուգանվագներ եմ կատարում ջութակի և դաշնամուրի համար: Ես և դաշնակահարս՝ Ռոբերտ Պորտինգան, որոշեցինք բացել ինստիտուտ: Մի շաբաթ առաջ ենք վերադարձել Իսպանիայից, այնտեղ վավերագրական ֆիլմ ենք նկարել Պաբլո դե Սարասատեի մասին: Սարասատեին վերաբերող տեղեկությունները շատ քիչ են, մենք ուսումնասիրություններ կատարեցինք, այցելեցինք տարբեր վայրեր: Ինստիտուտում ունեմ նաև աշակերտներ՝ հիմնականում արտասահմանցիներ: Հայեր դեռ չկան:

Ուսուցիչների մասին

Էդուարդ Թադևոսյանն իմ կյանքում շատ կարևոր դեր է ունեցել: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր մոտ մանկուց սովորել: Իսկ Բորիս Բելկինի մոտ 5 տարի եմ սովորել, նա ևս շատ կարևոր դեր է խաղացել իմ կյանքում: Վերջերս իմացա, որ Հայաստանում համերգ է ունենալու, բայց, ցավոք, այդ ժամանակահատվածում այստեղ չեմ լինի:

Մրցութային հաղթարշավը

Դեռ մանկուց մասնակցել եմ բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների, եղել են հաջողություններ, բայց այլևս չեմ մասնակցում մրցույթների: Կարծում եմ, որ այդ փուլն արդեն անցել է, քանի որ հիմա փորձում եմ ինքս ինձ վերագտնել երաժշտության մեջ ու փորձել իմ խոսքը ասել:

Արժանացել եմ ՀՀ նախագահի մրցանակին դասական երաժշտություն անվանակարգում (2008 թ.): Մասնակցել եմ նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, արժանացել երկրորդ մրցանակի (առաջին մրցանակ ոչ ոքի չի շնորհվել), հաղթել եմ մի շարք այլ մրցույթներում:

Մասնակցությունը վարպետության դասընթացներին

Ինձ թվում է՝ շատ կարևոր է, որ երաժիշտը մասնակցի վարպետության դասերի: Հայաստանից մի փոքր դժվար էր գնալ տարբեր երկրներ, որովհետև միշտ խնդիր էր առաջանում վիզաների և ավիատոմսերի հարցում, բայց Նիդերլանդների պարագայում ամեն ինչ ավելի հարմար է, կարող ես գնացքով ճամփորդելով կարճ ժամանակում այլ երկրում հայտնվել: Շատ հանրահայտ երաժիշտների վարպետության դասընթացներին եմ մասնակցել, բայց կուզենայի առանձնացնել դաշնակահար, դիրիժոր Ժակ Օխխին: Վերջինս փորձում է ստեղծագործությունը կատարելիս որքան հնարավոր է մոտ լինել կոմպոզիտորի գաղափարներին, բայց միևնույն ժամանակ խորհուրդ է տալիս անել այն, ինչ զգում է երաժիշտը: Այժմ սովորում եմ նաև դաշնակահար Էնրիկո Պաչեի մոտ, նա մասնագիտացված է կամերային զուգանվագների կատարման գործում:

Սիրելի կոմպոզիտորները

Սիրելի կոմպոզիտորները բազմաթիվ են, ամեն դարաշրջանից մի քանիսը շատ հոգեհարազատ են: Բայց, երևի, ամենասիրելի կոմպոզիտորները նրանք են, ում գործերը ես այս պահին նվագում եմ կամ նվագելու եմ մի երկու ամիս հետո: Տելեմանից սկսած մինչև ժամանակակից երաժշտություն. ամեն ինչ սիրում եմ, չեմ կարող որևէ մեկին առանձնացնել:

Մասնագիտական գրականություն կարդալու կարևորությունը

Երբեք չի եղել, որ մտածեմ, թե չեմ ուզում այլևս նվագել: Շատ կարևոր է կարիերա անելը, շատ կարևոր է համերգներ ունենալը, սեփական հաղորդագրությունը հանդիսատեսին հասցնելը, բայց մյուս կողմից՝ այս ամենը չէ, որ պետք է լինի երաժշտի համար թիվ մեկ խնդիրը:

Առաջին հերթին երաժիշտը պետք է լինի այնքան մոտ կոմպոզիտորին, որ կարողանա ստեղծագործությունը կատարելիս ներկայացնել լավագույնը իր հնարավորությունների սահմանում: Դա շատ մեծ և դժվար աշխատանք է:

Երաժիշտը պետք է նաև շատ կարդա: Մեր օրերում շատ լավ երաժշտական գրականություն կա, որը շատ հասանելի է, պետք է զարգանալ:

Համագործակցություն ժամանակակից կոմպոզիտորների հետ

Շատ ակտիվ համագործակցում եմ ժամանակակից կոմպոզիտորների հետ: 2015 թ. ջութակի և դաշնամուրի սոնատ նվեր ստացանք դաշնակահարիս՝ Ռոբերտ Պորտինգայի հետ, Նիդերլանդների ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը՝ Վիմ Ցվախը գրել էր հատուկ մեզ համար: Նա ևս մեկ այլ ստեղծագործություն է մեզ նվիրելու, որը հիմա գրում է, պետք է դա էլ անպայման կատարենք:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular