ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաքուր Հայաստանից մինչև համայնքների համաչափ զարգացում. նախարարն ամփոփեց իր գործունեության 100 օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության անդամներն ամփոփում են իրենց աշխատանքային 100 օրը: Տարածքային կառավարման և զարգացման ոլորտում նախորդ 100 օրվա ձեռքբերումների, խնդիրների, գերակա այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

- Դուք արդեն մոտ 100 օր զբաղեցնում եք տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը: Այս ընթացքում, կարծես թե, բոլոր մարզպետները փոխվեցին և նորերը նշանակվեցին: Վերջիններս ինչպիսի՞ աշխատանք են իրականացրել, և ինչպե՞ս եք գնահատում նրանց գործունեությունն այս ընթացքում, թերացումներ լինո՞ւմ են:

-Բոլոր մարզպետներին նշանակում է ՀՀ կառավարությունը՝ վարչապետի առաջարկությամբ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանդիսանում է միջանկյալ օղակ՝ Կառավարության և մարզպետարանների միջև: 10 մարզպետներից յուրաքանչյուրն ունի սեփական աշխատելաոճը: Այն ժամանակվանից, երբ ես սկսեցի ղեկավարել այս գերատեսչությունը, երկու շաբաթը մեկ հանդիպումներ են լինում մարզպետների հետ: Այդ ընթացքում խոսում ենք բոլոր առաջացած խնդիրների մասին, փորձում ենք լուծումներ տալ: Մինչ այսօր չի եղել այնպիսի խնդիր, որ հնչեղություն ունենա, և դրան լուծում գտնված չլինի: Օրենքի սահմաններում յուրաքանչյուր մարզպետի գործելաոճը շատ կարևոր է, և այն պաշտոնյաները, ովքեր կշրջանցեն օրենքը՝ պատասխան կտան ողջ խստությամբ:

- Դուք ինքներդ Լոռու մարզից եք, և վստահաբար կարելի է ասել, որ սեփական «մաշկի վրա» եք զգացել մարզային խնդիրները: Նախարարի պաշտոնում էլ ավելի խորն ուսումնասիրելուց հետո, ի՞նչ գերակա խնդիրներ եք տեսնում, որոնց պետք է առաջիկայում լուծում տաք:

-Մարզերի համար ամենակարևոր և գերակա խնդիրը համաչափ զարգացումն է: Բնականաբար, բոլորս էլ գիտենք, որ մարզերում վիճակն էականորեն տարբերվում է երևանյան իրավիճակից՝ տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքների և ժողովրդագրական առումներով: Մարզեր կան, որոնք աչքի են ընկնում իրենց սահմանապահ լինելով, երկու մարզ կա, որոնք աղետի գոտի են հանդիսանում: Այսինքն՝ մեր մարզերը, մեր բնաշխարհին ու ռելիեֆին համապատասխան, ունեն իրենց առանձնահատուկ խնդիրներն ու յուրահատկությունները: Արարատյան դաշտը ջրային խնդիրներով է աչքի ընկնում, բոլորի համար համատարած է միջհամայնքային ճանապարհների խնդիրը: Կան 25-30 տարում կուտակված լուրջ խնդիրներ, որոնց լուծումները հեշտ չեն լինի, բայց համակարգված աշխատելու, ինչպես նաև առկա ֆինանսական միջոցների ճիշտ օգտագործման արդյունքում հնարավոր կլինի հասնել հետաքրքիր լուծումների: Մենք այժմ այդ ճանապարհին ենք:

- Ձեր հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրման համար: Ինչպիսի՞ բողոքներ ունեն քաղաքացիները, ի՞նչ հարցերով են հիմնականում դիմում:

-Բարձրաձայնված խնդիրները տարաբնույթ են, հաճախ նույնիսկ չեն վերաբերում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Իմ պաշտոնավարման ամենասկզբում Նիկոլ Փաշինյանը դիմեց հանրությանը, որպեսզի դիմում-բողոքներով դիմեն Կառավարություն և մեր գերատեսչություն: Հավանաբար, հենց դրանից ելնելով մինչ այսօր շարունակվում է հոսքը, և մենք ուղղակի համակարգում ենք այդ ամենն ըստ ոլորտների և ուղարկում համապատասխան գերատեսչություններին: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը վերաբերող բողոքները հիմնականում լինում են համայնքապետարանների, մարզպետարանների աշխատանքի մասին, նրանց պաշտոնավարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ: Մենք ունենք իրավական և վարչական վերահսկողություն իրականացնելու իրավասություն և մեր խումբը՝ բողոքի պարագայում գնում է տվյալ համայնք և դեպքեր են լինում, որ չեն էլ հասցնում Երևան վերադառնալ, միայն շաբաթ և կիրակի օրերին են ետ գալիս: Այսօր արդեն կարիք կա նոր հաստիքների ներգրավման, որպեսզի կարողանանք «ծածկել» ՀՀ տարածքը: Այդ խնդիրների վերհանման արդյունքում, երբ պարզ է դառնում, որ բողոքները համապատասխանում են իրականությանը, դիմում ենք համապատասխան մարմիններին: Ունենք դեպքեր, երբ դիմել ենք դատախազություն, իսկ եթե մեր իրավասությունների սահմանում է, խնդիրներին լուծում ենք տալիս: Խնդիրներ են եղել նաև նախկինում հողերի սեփականաշնորհման վերաբերյալ:  

-ԱԻՆ-ը շարժական գազալցակայանների խնդրի լուծումը փոխանցել է մարզպետներին: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ:

-Հիմնականում դրանք չեն գործում, և այս պահին այդ հարցը, կարծես թե, կարգավորված է: Վերջերս ահազանգ ենք ստացել, որ Գեղարքունիքի մարզում գործում է երկու շարժական գազալցակայան, և ես անմիջապես զանգել եմ մարզպետին, հրահանգել, որպեսզի կարգավորվի խնդիրը: Այդ գազալցակայանների փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի և ԱԻՆ-ի ներկայացրած նոր պահանջներին, և հենց դա առիթ է հանդիսանում փակելու և հետագա գործունեությունը դադարեցնելու համար:

- Աշխատանքային այցով եղել եք Արցախի Հանրապետությունում, քննարկումներ ունեցել տարբեր նախարարների և հենց նախագահ Բակո Սահակյանի հետ: Հնարավո՞ր է, որ որոշ համագործակցություն լինի:

-Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև կապն օրգանական է, և, բնականաբար, համագործակցություն լինելու է: Գյուղատնտեսության նախարարի հետ եմ հանդիպել, որը համակարգում է նաև տարածքային կառավարման ոլորտը: Պատասխան հանդիպում նույնպես եղել է, Գորիսում: Համագործակցության առաջին փուլը, որն արդեն մեկնարկել է, վերաբերում է տարածքային կառավարման մեր ունեցած բարեփոխումների մոդելը Արցախին փոխանցելուն: ԱՀ-ն միանգամից անցում է կատարելու երկաստիճան տարածքային կառավարման, այսինքն՝ իրենք կունենան 7 կամ 8 խոշոր բնակավայր: Սա մեր խոշորացված համայնքների մոդելն է, երբ արդեն չկա մարզպետարան: Կառավարություն-համայնք կապն այնտեղ միանգամից կլինի: Այսինքն՝ տեղի կունենա համայնքների խոշորացում, կլինի խոշոր 7-8 համայնք, որոնք անմիջականորեն կապի մեջ կլինեն կառավարության հետ:

- Մտադի՞ր եք, արդյոք, նոր ծրագրեր իրականացնել: Փակագծերը փոքր-ինչ կբացե՞ք:

-Արդեն իսկ սկսվել է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որը համաֆինանսավորմամբ է արվում՝ պետություն-համայնք, նպատակ ունենալով մոտիվացնել համայնքի բնակիչներին: Գործընթացն այսպես է արվելու՝ համայնքը կներկայացնի ծրագիր և, եթե այն վերաբերի սոցիալական ենթակառուցվածքներին, ապա համայնքը կտրամադրի պահանջվող գումարի 60, իսկ պետությունը՝ 40 տոկոսը: Տնտեսական ենթակառուցվածքների վերաբերյալ ծրագիր առաջարկելու դեպքում պատկերը կլինի հակառակը՝ 40 տոկոս համայնքի, 60 տոկոս՝ պետության կողմից: Ծրագրի նպատակն է՝ բնակչին ցույց տալ, որ իր համայնքի բյուջեն հնարավոր է օգտագործել համայնքի կարիքների համար: Այս ծրագրի միջոցով ամեն համայնք կարող է «վարակել» հարևան համայնքին, որպեսզի նրանք նույնպես առկա ֆինանսական միջոցները ճիշտ օգտագործեն: Մենք մշտական վերահսկողություն կիրականացնենք և կհորդորենք, որ իրենց բյուջեներն ի շահ իրենց համայնքի օգտագործեն: Խոշորացված համայնքը, որը բաղկացած է մի քանի փոքր համայնքներից՝ բյուջեն այնքան է, որ հնարավոր է մեկ կամ մի քանի ծրագիր իրականացնել բազմաբնակավայր համայնքի որևէ համայնքում: Այսինքն՝ կարող է այսպես լինել՝ խոշորացված համայնքը կարող է պլանավորել և ամեն տարի ընտրել այն համայնքները, որտեղ պետք է աշխատանքներ իրականացնել: Այդպիսով, կլուծվեն կենսական նշանակություն ունեցող խնդիրները՝ փողոցային լուսավորությունը, ճանապարհները, ջրագիծը, ոռոգման ցանցը: Մեկ այլ ծրագիր էլ կա, որտեղ ներգրավված են այն փոքր համայնքները, որոնք ի վիճակի չեն մասնակցել սուբվենցիոն ծրագրին: Եթե համայնքն ունի ծրագիր, սակայն մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող իր բյուջեից գումար տրամադրել, ապա նշում է համաֆինանսավորման չափը, թե որքան կարող է հատկացնել: Մենք ուսումնասիրում ենք. արդյոք հնարավորություններն այդքա՞ն են, և, եթե ամեն ինչ ճիշտ է ներկայացված լինում, գումարի մնացած մասը տրամադրում է պետությունը:

- «Մաքուր Հայաստան» ծրագիրը շարունակվելո՞ւ է, եթե այո, ապա լինելո՞ւ են, արդյոք, փոփոխություններ:

- Ծրագրի էությունն է՝ Հայաստանում աղբահանությունն ավելի բարձր մակարդակի հասցնել: Սա մեզ համար առաջնային և էական նշանակություն ունեցող խնդիր է: Սեպտեմբերի 15-ին մենք փորձելու ենք մասնակցել «Մաքուր մոլորակ» ծրագրին, և դրա նախապատրաստման փուլը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 8-ին: Այդ օրն անցկացնելու ենք համապետական խոշոր շաբաթօրյակ, կփորձենք ծածկել աղբավայրերը, մաքրել գյուղերի և քաղաքների աղտոտված հատվածները: «Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործումը կախված է ֆինանսական միջոցներից, թե հետագայում որքան կհատկացվի աղբահանությանը: Մենք այժմ մշակում ենք նաև աղբահանության հայեցակարգ: Պետք է գտնել աղբի կոնսերվացիայի մեթոդները, հասկանալ, թե ինչ կարժենա մեր երկրի համար, ինչպես նաև մեզ պետք են ժամանակակից ստանդարտներին համապատասխան աղբավայրեր: Մի քանի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում ենք նաև Երևանի աղբավայրերի կոնսերվացիայի, ինչպես նաև աղբի վերամշակման գործարաններ ստեղծելու շուրջ: Մենք մի օր կունենանք մաքուր Հայաստան, բայց ոչ թե պետք է ձևականություն լինի, այլ խնդրին համակարգային լուծում տրվի:   

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular