ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելման կետ». տասնամյակի տնտեսական աճի պատկերի համաձայն՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ավելացել է բնակչության կրճատման հաշվին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տնտեսության զարգացման նոր հայեցակարգի ներդրմանն ընդառաջ, ինչպես նաև նախկին իշխանության թողած ժառանգությունն ամփոփելու և գործող իշխանության գործունեության մեկնարկային պայմանների ուսումնասիրության համար որպես «Ելման կետ» դիտարկենք ՀՀ համախառն ներքին արդյունքի և ներդրումների միտումները նախորդ տասնամյակում: 

Վերջին տասնամյակում Հայաստանին այդպես էլ չի հաջողվել գերազանցել կամ գոնե վերականգնել 2008թ-ին գրանցված Համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի մակարդակը: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ ընթացիկ գներով հաշվարկված Հայաստանի ՀՆԱ-ն 2008թ-ին կազմել է 11,66 մլրդ դոլար, և դրան հաջորդած 9 տարիների ընթացքում Հայաստանի որևէ կառավարության ոչ մի կերպ չի հաջողվել 2008թ-ի ցուցանիշները գերազանցող զարգացում ապահովել: 

2009 թվականը խորհրդանշվել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված անկման փուլով: Հետճգնաժամային 2009-ից սկսած մինչև 2015թ-ը ՀՆԱ-ն որոշակի աճ է դրսևորել՝ 2014թ-ին հասնելով 11 մլրդ 610 մլն ԱՄՆ դոլարի: 2015թ-ից սկսած գրանցվել է ինչպես ՀՆԱ-ի, այնպես էլ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի զգալի նվազում: Թեև 2017թ-ին նկատվել է տնտեսական իրավիճակի բարելավում, այնուհանդերձ պետք է փաստենք, որ 9 տարիների ընթացքում նախաճգնաժամային 2008թ.-ի ՀՆԱ-ի մակարդակը դեռևս չի վերականգնվել: 

Միջազգային կառույցների գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունն այս «բաղձալի շեմը» կհաղթահարի 2018թ-ին, ինչն էլ պայմանավորված կլինի Հայաստանում ստեղծված նոր իրավիճակում դրական սպասումների ավելացմամբ և տնտեսական ակտիվության որոշակի աշխուժացմամբ: 

Հատկանշական է, որ ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2008-2017թթ-ի ընթացքում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ավելացել է 2,3%-ով: Ստացվում է մի իրավիճակ, որ իրական ՀՆԱ-ն ժամանակի ընթացքում այդպես էլ չի ավելացել, սակայն մեկ շնչի հաշվով այն աճ է գրանցել: Սրա պատճառն այն է, որ իրականում տեղի է ունեցել Հայաստանի մշտական բնակչության նվազում (10 տարվա ընթացքում ավելի քան 100 հազար մարդ), ինչի հաշվին էլ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճ է գրանցել: 

Թվային այս ժառանգության բացասական հետևանքներից մեկն էլ եղավ այն, որ վերջերս ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարեցին, թե Հայաստանն այլևս չի կարող օգտվել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից, քանի որ մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտով գերազանցում է ծրագրի մասնակից դառնալու համար նախատեսվող շեմը:

 Տնտեսության զարգացման գործում հսկայական դեր ունի ներդրումային գրավիչ միջավայրը: 2001-2008թթ. ներդրումների ներգրավման տեսանկյունից բավական բարեհաջող ժամանակահատված է եղել Հայաստանի համար. ՕՈՒՆ-ի ծավալն այդ տարիներին ավելացել է գրեթե 14 անգամ՝ 2008թ.-ին հատելով տարեկան 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանը: Այդուամենայնիվ, ներդրումների այս հոսքը երկար չի տևել. 2009-2010թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տեղի է ունեցել օտարերկրյա ներդրումների անկում, իսկ 2013թ.-ից անկումը տարեցտարի խորացել է: 

2008թ. հետո մինչև այժմ չի վերականգնվել նաև մինչճգնաժամային ներդրումների մակարդակը: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2008-2013թթ. իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը նվազել են 52,5%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 72,9%-ով: 2014թ. ԱՎԿ-ի կողմից ներդրումների հաշվարկման մեթոդաբանության փոփոխությունից հետո դժվար է գնահատել 2013-2014թթ. ներդրումների շարժը: 2014-2015թթ. օտարերկրյա ներդրումների անկումը կազմել է 35,7%: Համաշխարհային բանկի տրամադրած վիճակագրության համաձայն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում 2009թ. ի վեր տարեկան կտրվածքով աճել են միայն 2011 և 2014թթ.-ին, ամենամեծ անկումը գրանցվել է 2015թ-ին` 55.87%: 

2017թ-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 245.7 մլն դոլար, ինչը 2008թ.-ի համապատասխան ցուցանիշից պակաս է գրեթե 4 անգամ: 2017 թվականին իրական հատվածում կատարած օտարերկրյա ուղղակի ներդրումներից զուտ հոսքերը կազմել են 225.7 մլն դոլար` 614.22 մլն դոլարով պակաս, քան 2008թ-ին: Ինչ վերաբերում է ներդրումների աշխարհագրական կառուցվածքին, ապա դրանց գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին: Եթե դիտարկում ենք իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների հոսքերն ու պաշարներն ըստ երկրների, ապա 2017թ. դեկտեմբերի վերջի դրությամբ՝ մյուս խոշորագույն ներդրողներն են Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Հունաստանը, Արգենտինան, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը և այլն: 

ՀՀ-ում Օտարերկրյա ուղղակի ներդրումներն ըստ տնտեսության հատվածների, ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը  2008-2017թթ.-ին 

Իրավիճակն արտացոլող կարևորագույն ցուցանիշներից է ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին: Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության աճի միտումների դանդաղմանը զուգընթաց նվազել է նաև ներդրումների կշիռը ՀՆԱ-ում:  2008թ.-ին ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 41%, այդ թվում՝ ՕՈՒՆ-ը՝ 8,1%: 2017թ.-ին ՕՈՒՆ/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 2.1%-ի, այն դեպքում, երբ ՀՆԱ-ի աճը եղել է բավական համեստ: Համեմատության համար, նշենք, որ հարևան Վրաստանում այս ցուցանիշը 2008թ.-ին կազմել է 12.4%, իսկ 2017 թվականին՝ 11.9%: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վերջին տասնամյակում օտարերկրյա ներդրումներն ունեցել են ակնհայտ նվազման միտում և դրանք 2018թ-ի սկզբի դրությամբ գտնվում են նվազագույն մակարդակի վրա: Միևնույն ժամանակ վերջին տասնամյակում դեռևս չի գրանցվել 2008թ-ի ցուցանիշը գերազանցող տնտեսական աճ: 2018թ-ի ակնկալվող ցուցանիշներն այս առումով ուղենշային են լինելու և ցույց են տալու այն իրական պոտենցիալը, որը չի իրացվել նախորդ տարիների ընթացքում:

 Մերի Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular