Վարչապետը Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքի խանութներում գյուղմթերքի գների ավելի լավ վիճակ է արձանագրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում շրջայցից հետո գյուղմթերքի գներին ծանոթացել է նաև Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հատվածում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը եղավ վարչական շրջանում տեղակայված մի շարք խանութներում, ծանոթացավ բանջարեղենի գներին:
Խանութներից մեկում էլ վարչապետը ծանոթացավ մսամթերքի գներին:
Ամփոփելով շրջայցը՝ վարչապետն ընդգծեց, որ Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակի հատվածում տեղակայված խանութներում գյուղմթերքի, մասնավորապես, լոլիկի և վարունգի գների տարբերություն կա: «Գնային որոշակի տարբերություն Երրորդ մասում կար: Մասնավորապես, լոլիկի և վարունգի մասով որոշակի գնային տարբերություն իրոք կար: Մնում է վերլուծել: Փաստորեն, ճիշտ էր, որ Երրորդ մասում գնային իրավիճակն ավելի լավ է»,- արձանագրեց վարչապետը:
Մինչ այդ ՀՀ վարչապետը շրջայց էր կատարել Գումի շուկայում՝ արձանագրելով, որ լոլիկի, վարունգի, սմբուկի և կարևոր այլ բանջարեղենի գները տարօրինակ բարձր են: