ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Yerevan.am - ը գրում է.

Մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում գարեջրի բոլոր սիրահարների համար մեկնարկել է արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի այս տարի հոբելյանական՝ 5-րդ փառատոնը։ Այն նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի կողմից ամենասիրված և սպասված նախաձեռնություններից մեկն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից՝ «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով։ 

Երեկոյան Երևան՝ գարեջրային հրավառությամբ, հետաքրքիր մրցույթներով, հայկական գարեջրի լավագույն ավանդույթներով, շուկայի առաջատար արտադրողների մեծ տեսականիով. ամենը՝ մեկ վայրում։
Փառատոնի պաշտոնական բացմանը ներկա Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող, փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, ներկայացնելով գարեջրային տոնի ստեղծման պատմությունն ու անցած ճանապարհը, ընդգծել է, որ մասնակիցների թվի տարեցտարի աճը վկայում է նախագծի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին։
«Վերջին 5-6 տարիներին փառատոնային տուրիզմը Երևանում մեծ ճանաչում է ձեռք բերել, որի շնորհիվ բազմաթիվ զբոսաշրջիկներ մայրաքաղաք են այցելում նաև հենց փառատոներին մասնակցելու նպատակով։ Երևանի գարեջրի փառատոնի նապատակն է նաև ծանոթացնել հազարամյակների պատմությամն հայկական գարեջրի ավանդույթներին և հնարավորություն ընձեռել գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբվելու ու ներկայանալու մեկ հարթակում։ Փառատոնը, վստահաբար, ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանում լավագույնը և նպաստելու զբոսաշրջային նոր հոսքերին»,-հատկանշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն իր հերթին, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, նշել է, որ փառատոների կազմակերպումը լավագույն խթանն է՝ մասնավորապես ակտիվ հանգստի սիրահարների համար։
«Տարվա ընթացքում և հատկապես ամռանը, Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է մի շարք հետաքրքիր փառատոներ, որոնց ընթացքում այցելուները կարող են դառնալ անմիջական մասնակիցներ։ Գարեջրի հոբելյանական այս փառատոնն առանձնանում է իր նկատմամբ բամաթիվ զբոսաշրջիկների հետաքրքրվածությամբ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Գարեջրի 5-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց խորհրդանշական հետհաշվարկով։ Փառատոնի տնօրեն Մարիա Բարաղամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը շրջել են բոլոր տաղավարներում, զրուցել ընկերությունների ներկայացուցիչների հետ և ծանոթացել գարեջրի տեսականուն:
Փառատոնի ընթացքն ուղեկցվում է հայկական էստրադայի սիրված երգիչների ելույթներով, «Միլեն շոու-բալետ» պարային համույթի կատարումներով, ինչպես նաև «Ալեքսանդրապոլ» նվագախմբի երաժշտական հետաքրքիր ծրագրով։ Փառատոնի հատուկ հյուրն է Արամ MP3-ին։
Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Գարեջրի 5-րդ փառատոնի 20 տաղավարում ներկայացված է բացառապես հայկական գարեջրի արտադրությամբ զբաղվող 10 ընկերություն։ «Երևանի գարեջրի» գործարանն այս տարի փառատոնին մասնակցում է իր «Կիլիկիա» մուգ, «Կիլիկիա» բաց և «Երևան» արտադրատեսակներով։ «Գյումրի» գործարանը՝ համանուն գարեջրով, «Կոտայք» գարեջրի գործարանը՝ «Կոտայք», «Կոտայք գոլդ» և «Էրեբունի» արտադրատեսակներով։ Գարեջրի ակադեմիան փառատոնին ներկայանում է «Կլասիկ», «Բաց ցորեն» և «Մուգ» գարեջրերով, «Դիլիջան» գարեջրի գործարանն էլ՝ «Դիլիջան» և «Դիլիջան 1» արտադրանքով։ Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցում է «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը՝ ներկայացնելով հայկական չզտված (բացդասական) գարեջուրը։ «Ալավերդի» գարեջրի գործարանն իր հերթին փառատոնի այցելուներին հրավիրում է համտեսել Ալավերդու չանի գարեջուրը։
Խոսելով փառատոնի մասին՝ մշտական մասնակից «Երևանի գարեջրի» գործարանի մարքեթինգի պատասխանատուն նշել է, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը ամենասպասված իրադարձությունն է գարեջուր արտադրողների համար։ «Գյումրի» գարեջրի գործարանի ներկայացուցիչն էլ իր հերթին հավելել է, որ Գարեջրի փառատոնն իսկական տոն է, բացի այդ լավ հնարավորություն՝ ներկայացնելու սեփական արտադրանքը հանրությանը։ Մեծ ակնկալիքներով է փառատոնին մասնակցում նաև «Թովմաս» հայկական գարեջրի արտադրամասը։ Ընկերության աշխատակիցները, ողջունելով քաղաքապետարանի նախաձեռնությունը, նշել են, որ հետագայում էլ սիրով կշարունակեն լինել փառատոնի գործընկերը։ «Կոտայք» գարեջրի գործարանի ներկայացուցիչը, անդրադառնալով փառատոնի արդյունքներին, նշել է, որ ամենակարևոր ձեռքբերումը արտասահմանցի սպառողներին ներկայանալու հնարավորությունն է, ինչը կարող է հայկական գարեջրի համար նոր դռներ բացել։ «Դիլիջան» գարեջրի գործարանի պատասխանատուն ընդգծել է, որ երևանյան այս փառատոնը դեռևս մեծ ասելիք ունի և առաջիկա տարիներին կարող է մրցակցել հեղինակավոր այլ փառատոնների հետ։
Գարեջրի 5-րդ փառատոնին, ավանդույթի համաձայն, մասնակցում են նաև գարեջրատները։ Այս տարի «Վայլդ Վեսթ» փաբը ներկայացրել է գարեջրի իր համանուն տեսականին, «Կարլոֆֆ» ռեստորանը՝ տեղական արտադրության չեխական «Կարլոֆֆ» գարեջուրը։ «Բիերմանիա» գարեջրատուն-սրճարանն էլ ներկայացել է կրկին հայկական արտադրության՝ Սևանի գարեջրի գործարանի «Կելլեր» գարեջրով։
Նշենք, որ փառատոնում տուրիզմի բաժինը սահմանել է հատուկ կանոնակարգ, համաձայն որի մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառելու են ոչ ապակյա տարաներով և շուկայականից ցածր գնով, ինչպես նաև տարածքում արգելվել է գարեջրի վաճառքը անչափահասներին: 
Միջոցառման ժամանակ ուրաքանչյուր տաղավարում անցկացվում է 2-3 մրցույթ (հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով և այլն): Հաղթողները ստանում են հավաստագրեր և նվերներ՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների կողմից:
Փառատոնի ընթացքում այցելուները բացառիկ հնարավորություն ունեն Մարաշլեան ֆոտո-ատելիեի կողմից ձևավորված առանձին տաղավարում անվճար լուսանկարվելու ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող կերպարների հետ։ Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ Ռոբերտ Հակոբյանի կողմից էլ ներկայացվել է թեմատիկ հետաքրքիր ցուցահանդես:
Ըստ կազմակերպիչների՝ այս տարվա փառատոնին ակնկալվում է ավելի քան 10.000 այցելու:
Հիշեցնենք նաև, որ Երևանի գարեջրի փառատոնը «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոներից հետո երրորդ՝ զբոսաշրջային բաղադրիչ պարունակող խոշոր միջոցառումն է։ 
Հոբելյանական մայրաքաղաքի հոբելյանական փառատոնի հայ և օտարազգի մասնակիցները նկատել են, որ այս նախաձեռնությունը գարեջրի սիրահարների համար իսկական տոն է և շտապել հավելել, որ տարեցտարի այն ավելի է հետաքրքիր է դառնում։ Փառատոնին առաջին անգամ ներկա գտնվողներն էլ վստահեցրել են, որ հաջորդ տարի Երևանը իրենց և ընկերներին կհամախմբի հենց գարեջրի փառատոնի շուրջ։

Լուսանկարներ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular