ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարկետինգային նոր քաղաքականություն, շուկաների թիրախավորում. Արցախի զբոսաշրջությունը զգալի աճ է ապահովել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Արցախի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում շեշտակի աճ է գրանցվել: Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե 102 տոկոսով: Եթե 2017 թվականի առաջին հինգ ամիսներին Արցախ էր եկել 4 հազար 362, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում Արցախն իրենց այցելությունների ցանկում ներառել են 8 հազար 654 օտարերկրյա զբոսաշրջիկներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը նշեց, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է ևս մեկ զբոսաշրջային օպերատոր: Այժմ, ընդհանուր թվով, գործում է 10 զբոսաշրջային կազմակերպություն: Այս տարի 4 հյուրանոցային օբյեկտ է ավելացել՝ համալրելով 50-ից ավելի հյուրանոցների ցանկը:

Զբոսաշրջության ոլորտում նման զգալի աճն ինչի՞ արդյունք է: Արտակ Գրիգորյանը նշեց, որ տարբեր ուղղություններով հետևողական աշխատանքի, նոր քաղաքականության, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման, թիրախավորված մարկետինգի շնորհիվ է:

«Այս տարի մշակել ենք զբոսաշրջության զարգացման գործողությունների պլան: Նախանշել ենք այն ուղղությունները, որոնցով առաջ ենք շարժվում: Ստեղծվել է մարկետինգային պլան, առանձնացվել են թիրախային շուկաները: Ասել, որ թվային աճն այս տարվա գործողությունների արդյունք է, սխալ կլինի: Զբոսաշրջությունը զարգանում է տարիների ընթացքում կատարած աշխատանքի, կայուն քաղաքականության, զբոսաշրջային շուկայում ճիշտ դիրքավորման շնորհիվ: Եթե կոնֆլիկտային իրավիճակ չլինի՝ մենք այս ոլորտում կունենանք կայուն աճ»,-ասաց Արտակ Գրիգորյանը:

Այս համատեքստում վարչության պետը կարևորեց զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիան: Դեռ տարեսկզբից նախարարությունը նախանշել էր 5 ուղղություն: Առաջինն արդեն իսկ գործող պատմամշակութային ուղղությունն է, որի հիմնական առանցքը վանական համալիրներն են, հուշարձանախմբերը, ինչպես օրինակ, Գանձասարի համալիրը, Հունոտի կիրճը, Տիգրանակերտի հնավայրը, Շուշին և այլն:

Երկրորդ ուղղությունն արկածային տուրիզմն է: Այն ենթադրում է հեծանվային արշավների, քայլարշավների համար երթուղիներ, Zipline, օդային թռիչքներ: Արտակ Գրիգորյանի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որտեղ իրենք տեսնում են մեծ պոտենցիալ և փորձում են դա իրացնել:

Հաջորդ ուղղությունը գաստրոտուրիզմն է, որի հիմքը արցախյան խոհանոցն է: Բազմազան, համեղ ուտեստներն անտարբեր չեն թողնում ոչ մի զբոսաշրջիկի: Նրանց նախընտրությունների շրջանում արդեն իրենց պատվավոր տեղն ունեն ժենգյալով հացը, խորոված բանջարեղենը, տապակած կանաչեղենը, ի դեպ՝ այնպիսի կանաչիներ, որոնք հատուկ են Արցախին. դդումով ճաշ և այլն:

«Զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն է վայելում տնական պայմաններում պատրաստած օղին: Թթի օղին արդեն դարձել է արցախյան բրենդ, այն մեծ տարածում է գտել տարբեր երկրներում: Շատերը գալիս են Արցախ թթի օղի փորձելու համար, իսկ հունիսին հնարավորություն են ունենում մասնակցելու թթի օղու պատրաստման գործընթացին»,-ավելացրեց նախարարության ներկայացուցիչը:

Վերջին շրջանում աշխատանքներ են տարվում արցախյան ավանդական կերակրատեսակների բաղադրատոմսերի վերականգնման ուղղությամբ: Արդյունքում ընդլայնվում է զբոսաշրջիկներին ներկայացվող կերակրատեսակների ցանկը: Այս տարի կտպագրվի արցախյան խոհանոցի մասին բուկլետ, որը ներկայացնելու է ոչ այնքան հայտնի ավանդական ճաշատեսակները:

«Աշխատանքներ են տարվում գինու ուղիների մշակման ուղղությամբ: Օրերս Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի և  «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի տնօրենի հետ քննարկել ենք Արցախում, այսպես կոչված, գինու ուղիների զարգացման հեռանկարները: Եկել ենք համաձայնության, որ Հայաստանը համապատասխան աջակցություն ցուցաբերի զբոսաշրջային նպատակով գինեգործությունն օգտագործելու գործում»,-ասաց նա:

Հաջորդ ուղղությունն ագրոտուրիզմն է: Արտակ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի իրականացնելու են դասընթացներ Շահումյանի, Մարտակերտի շրջաններում՝ ներգրավելով այն անձանց, ովքեր պատրաստակամ են հյուրատնային բիզնես հիմնել: Նպատակն է զարկ տալ հյուրատնային բիզնեսի զարգացմանը, ինչի անհրաժեշտությունը, զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ, կա: Արտակ Գրիգորյանը նշեց, որ արդեն իսկ գործում են հարկային արտոնություններ զբոսաշրջային տներ հիմնող բիզնեսի համար: Այժմ քննարկվում է այդ բիզնեսին ցածր տոկոսով վարկ տրամադրելու հարցը:

Հինգերորդ ուղղությունն իրադարձային տուրիզմն է: Արտակ Գրիգորյանը նշեց, որ Արցախը հարուստ է իրադարձություններով, միջոցառումներով, պարզապես դրանք պետք է կայուն հիմքի վրա դնել: Դրանք, որպես զբոսաշրջային արդյունք, ճիշտ փաթեթավորելու և շահառուներին տեղ հասցնելու անհրաժեշտություն կա: Պետք է նաև աշխատել զբոսաշրջային ընկերությունների հետ այդ միջոցառումներն իրենց  տուրփաթեթներում ներառելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular