ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական Մեսսի» կամ ինչպես լիբանանահայ երիտասարդը հայտնվեց ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում

ՍՊՈՐՏ

Արտաշես Կարապետյանը բնակվում է Լիբանանում: Իր աշխատանքային գործունեությունը սպորտի հետ կապ չունի, երկար տարիներ ներկայացնում է մասնավոր բիզնես ընկերություն, որը սարքավորումներ է մատակարարում հանրային սննդի կետերին:

Տարիներ առաջ հարազատների, ընկերների շրջանում սկսեցին խոսակցություններ այն մասին, որ Արտաշես Կարապետյանը նման է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Հետագայում, երբ Արտաշեսը որոշեց չսափրվել և արտաքին տեսքին նոր շունչ հաղորդել, այդ ժամանակ արդեն նա հայտնվեց ֆուտբոլասերների լայն շրջանի ուշադրության կենտրոնում:

«Տարօրինակ զգացողություններ էին, երբ ինձ կանչում էին Մեսսի անվամբ, հատկապես, երբ «Բարսելոնա»-ի կամ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով էի: Մարդիկ մոտենում էին, ցանկանում են ինձ հետ նկարվել: Ինձ համար ուրախալի է, որ նմանեցնում են ոչ թե պարզապես ֆուտբոլիստի, այլ խաղացողի, ով պատմություն է կերտել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Արտաշես Կարապետյանը:  

Մեսսիին նման լինելու իրողությունը փոխեց Արտաշեսի կյանքը: Արդեն վերջին մեկ տարվա ընթացքում Արտաշեսը լիբանանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:  Նա պարբերաբար հրավերներ է ստանում մասնակցելու տարբեր միջոցառումների, հարցազրույցների, նկարահանումների:  Նա այս ընթացքում բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել, ընդլայնել ծանոթությունների, գործընկերների շրջանակը: Մեր այն հարցին, թե արդյոք Մեսսիին նման լինելու փաստին փորձում է կոմերցիոն շեշտադրումներ հաղորդել, Արտաշես Կարապետյանը նշեց, որ այս գործում ֆինանսներն իրեն ամենից քիչն են հետաքրքրում:

«Ես Մեսսիի կերպարով Լիբանանում մասնակցում եմ բավական շատ միջոցառումների: Ինձ առաջարկում են գումարներ, սակայն մերժում եմ: Այս ամենի մեջ ես իրականում կոմերցիոն նպատակ չեմ դնում, պարզապես մարդկանց ուրախություն եմ պատճառում»,-ասաց Արտաշեսը:

Արտաշեսն իր ընտանիքի անդամների հետ ֆուտբոլասերների շարքին է դասվում: Թեպետ ուշի ուշով հետևում են Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, սակայն իրենց երկրպագած հավաքականները մեծ հաջողություններ չեն գրանցել: Ինքը երեխաների հետ երկրպագում է Հոլանդիայի, իսկ կինը՝ Իտալիայի հավաքականին: Արտաշեսը ոչ միայն ֆուտբոլասեր է, այլև ֆուտբոլ խաղացող: Շուրջ 5 տարի Լիբանանում Հոմենեթմեն ֆուտբոլային թիմի խաղացող է եղել:

Արտաշեսն առաջին անգամ է Հայաստանում, թեպետ կարճ ժամանակով է, սակայն ձգտում է շատ տեղերում լինել: Այցելությունների նախընտրելի վայրերի ցանկում Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է:

«Կոչ եմ անում բոլոր այն հայերին, ովքեր չեն եղել Հայաստանում, անպայման գալ»,-հավելեց Արտաշես Կարապետյանը, ում, հարցազրույցից հետո, հանգիստ չէին տալիս պատահական անցորդները: Լուսանկարվելու համար միշտ պատրաստ Արտաշեսը չէր մերժում ոչ ոքի:

Աննա Գզիրյան



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular