Հայաստանում պետք է ոստիկանական բաժինների հասարակական մշտադիտարկման մեխանիզմ ներդրվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում պետք է ոստիկանական բաժինների հասարակական մշտադիտարկման մեխանիզմ ներդրվի: Հունիսի 6-ին Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ոստիկանական բաժիններն այն վայրերն են, որտեղ մարդիկ ամենից հաճախ են բռնության, ծեծի կամ անմարդկային վերաբերմունքի ենթարկվում մինչ խափանման կիջոցի ձեւակերպումը:
«Բոլոր պետական հաստատություններում գրանցվում են այցելուների մուտքի եւ ելքի ժամերը՝ բացառությամբ ոստիկանության ստորաբաժանումների, եւ դրանցում գտնվելու ընթացքում հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ այդ անձի հետ»,- նշեց Արտակ Կիրակոսյանը:
Օմբուդսմեն Արման Թաթոյանն իր հերթին հավելեց, որ Հայաստանում ամենադժվարը մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն է բերման ենթարկելու պահին, երբ նա գտնվում է առավել խոցելի վիճակում: «Մենք իրավունքների պաշտպանության հետ խնդիրներ ունենք ձերբակալության պահից սկսած՝ մինչեւ խափանման միջոցի ձեւակերպումը»,- հավելեց նա: