30 տարի է՝ ասվում է, որ կավարտվի Գյումրիի տնակների հարցը, բայց չի ավարտվում. Ջանջուղազյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓորձը ցույց է տալիս, որ 30 տարի է՝ ասվում է, որ կավարտվի Գյումրիի տնակների հարցը, բայց չի լուծվում: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում նշել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է օլիգարխներից վերցվող գումարներով բարձրացնել կենսաթոշակները, լուծել աղետի գոտու տնակներից ազատվելու հարցը, ֆինանսների նախարարն ասաց. «Ես լավ չեմ հասկանում «վերցնել» հասկացությունը, կարող ենք ենթադրել՝ նկատի ունեն օրինական ճանապարհով տեղի ունեցող իրադարձությունները: Որովհետեւ անօրինական ճանապարհով հնարավոր չէ օրինականություն հաստատել, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:
Ցավոք սրտի, արդեն 30 տարի է՝ քննարկվում է այդ հարցը, թե ինչպես ավարտենք տնակներից ազատվելու հարցը: Շատ հաճախ եղել է իրավիճակ, երբ որ արդեն գնահատվել է, որ քիչ է մնացել, մի քիչ էլ ու կավարտվի, բայց փորձը ցույց է տալիս, որ դա, կարծես թե, չի ավարտվում: Այստեղ այնքան է միախառնված, որ դժվար է ասել՝ օբյեկտիվ մասը որն է»,-ընդգծեց Ջանջուղազյանը: