Ես կոչ եմ անում բոլորին ստանալ պատվաստումները. Իմ բոլոր երեխաները ստացել են. Փաշինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեռ իմ պատգամավոր եղած ժամանակ, երբ աղմուկ էր բարձրացել գարդասիլի հետ կապված, ես ասել եմ, որ իմ երեխաները բոլոր պատվաստումները ստացել են եւ շարունակելու են ստանալ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ երկրներում պատվաստանյութերի հետ կապված որոշ ցավալի դեպքեր եղել են։ Դրա համար մենք որոշում կայացրեցինք, որ գնում ենք հնարավոր ամենաորակյալ պատվաստանյութերը, որ մեր երեխաներին դրանք ներարկենք։ Իմ երեխաները ստացել են բոլոր պատվաստումները՝ առանց բացառության։ Այնպես չի, որ իմ երեխաների համար հատուկ պատվաստանյութ են ներկրում»,-հայտարարեց նա։
Փաշինյանը նկատեց, որ իհարկե, եթե կան իրոք դեպքեր, երբ կհիմնավորվի, որ ինչ-որ բժիշկ ինչ-որ բան ճիշտ չի արել, իրենք դրանով կզբաղվեն. «Բայց այս տարի մենք բարձրորակ պատվաստանյութեր ենք ձեռք բերում։ Աբսուրդ է, մենք պատվաստանյութ ենք ձեռք բերում, որ մեզ վնասե՞նք։ Ես կոչ եմ անում եւ իմ օրինակով ասում եմ, որ իմ բոլոր երեխաները, մեծից փոքր բոլոր պատվաստանյութերը ստացել են։ Այո, պատվաստումներից հետո կարող է երեխան բարձր ջերմություն ունենալ, բայց դա այդպես պետք է լինի։ Ես կոչ եմ անում բոլորին ստանալ պատվաստումները»։