Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է
ՍՊՈՐՏ2017 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտած ծանրամարտի Հայաստանի հավաքականի որակազրկումը կասեցվել է, այդ մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Պատանիների պայքարին հայ ծանրորդները կկարողանան մասնակցել հունիսի 19-ից, իսկ երիտասարդների և մեծահասակների մրցաշարերին՝ օգոստոսի 19-ից։
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, որը վարկանիշային է պատանեկան օլիմպիական խաղերի համար։ Հետո արդեն Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությունը։ Նոյեմբերին էլ Աշգաբադում տեղի կունենա մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Հիշեցնենք, որ 2017 թվականին սեպտեմբերի 30-ին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Բուխարեստում կայացած նիստում որոշում էր կայացրել դոպինգային խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի հավաքականին:
Ավելի վաղ reuters-ը հայտնել էր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ:
Մինչեւ 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից: